Ծառայակիցներին սպանելու մեջ մեղադրվող զինվորին դատապարտել են ցմահ ազատազրկման

Ծառայակիցներին սպանելու մեջ մեղադրվող զինվորին դատապարտել են ցմահ ազատազրկման
Ծառայակիցներին սպանելու մեջ մեղադրվող զինվորին դատապարտել են ցմահ ազատազրկման

Ղարաբաղում այսօր ցմահ ազատազրկման է դատապարտվել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության եւ երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը:
Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, զինվորների միջեւ ծագած վեճն էր:

 

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, ավելի վաղ դատավարության ընթացքում միջադեպի վկաներից մեկի տված ցուցմունքի համաձայն` առաջնագծում հերթապահության ժամանակ կտվել էր համածառայողներից մեկի ականջակալների լարը, նա էլ ծանր հայհոյանքներ էր տեղացել ականջակալների լարը կտրողի հասցեին:

Ըստ այդմ, դեպքից մի քանի ժամ անց Մանվել Հազրոյանը իրեն էր վերագրել այդ հայհոյանքը եւ իրականացրել այդ սպանությունները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի Հազրոյանն այսօր խոստովանել է մեղքը:

20-ամյա Մանվել Հազրոյանը ծնունդով Հայաստանի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է: Այս դատական գործով նախագահողն էր Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանը:

Հազրոյանի հայրը ավելի վաղ մամուլում հայտարարել էր, որ ոչ միայն չի հավատում այն բանին, որ իր որդին մարդ է սպանել, այլեւս, որ ընդունել էր իր մեղքը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, Հազրոյանը իր մեղքը խոստովանել էր դեռ այն ժամանակ, երբ միջադեպից հետո տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Ղարաբաղից Երեւան վերադառնալուց հետո Մանվել Հազրոյանի հայրը`Արմեն Հազրոյանը մամուլով հայտարարել էր, որ մերժում է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը, քանի որ ինքը տեսել էր իր որդուն:

«Առաջին օրվանից մեղադրում են, ես իմ երեխային տեսել եմ, նա ի վիճակի չէր խոսել, հազիվ մի երկու բառ եմ խոսել հետը: Էդ ո՞նց եղավ, որ էդ վիճակում, անմիջապես մեղադրանքը ներկայացրեցին իրեն, ես չեմ պատկերացնում, թե ո/նց կարելի էր իրեն առաջին օրվանից մեղադրանք ներկայացնել կամ ասել, որ ինքն է արել: Նա չէր կարողանում երկու բառ խոսել…,- Lragir.am-ի հետ զրույցում հայտարարել էր Հազրոյանի հայրը:

Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրեն թույլ չեն տվել առանձին տեսակցել եւ խոսել որդու հետ, ում հսկում էին 7-8 զինվորներ:

© Medialab.am