ՌԴ-ն խուսափում է սրացումներից, նա պատրաստ է բոլոր փոխզիջումներին․ Բորիս Նավասարդյան. Factor.am (տեսանյութ)

«Հայաստանի անվտանգային հարցերը ՌԴ պատասխանատվության ներքո են: Ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերություններում նոր սրացումները ՌԴ-ի համար գլխացավանք ենք… ՌԴ-ն խուսափում է սրացումներից, նա պատրաստ է գնալ բոլոր փոխզիջումներին, միայն թե չդժվարացնի ստեղծված իրավիճակը»,- այս մասին «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, գրում է Factor.am-ը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը այլ հնարավոր խաղացողների հետ պետք է վաղուց բանակցություններ սկսած լիներ:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի մայիսի 17-ի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանային հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին:

Մինչ բանակցությունների շարունակվելը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Հարությունյանը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։