Զինվորին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել

Զինվորին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել
Զինվորին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 18-ամյա նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծելու համար։ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը զինվորը Վարդենիսից տեղափոխվել է Երևան։ 

Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածով. մեկը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար, մյուսը՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի համար, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։

Քննչական ծառայության ավագ սպան ասում է, որ զինվորի մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, իսկ մարմնի տարբեր հատվածներին առկա են մարմնական վնասվածքներ։ Մերի Սարգսյանը նշեց, որ մարմնական վնասվածքները հասցրել է զինվորի վերադասը։

Երևանաբնակ Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նա այսօր է գիտակցության եկել։ Երիտասարդը 25 օր առաջ է զորակոչվել բանակ ու զինվորական երդում դեռ չի էլ հասցրել տալ։ Մայրը՝ Գոհար Շահնազարյանն, արցունքն աչքերին պատմում էր, որ առողջ որդի է ճանապարհել բանակ, բայց մի քանի օր առաջ Մհերի հորեղբոր որդու օգնությամբ Վարդենիսից Երևան հասցված զինվորին հարազատները հազիվ են ճանաչել։ Մայրն ասում է, որ որդին Երևան է հասցվել մերկ՝ առանց հագուստի, ընդամենը ծածկոցով փաթաթված։

«Ծեծել էին, գլխին խփած էր, թոքաբորբ, մի թոքը՝ ջրի մեջ, էն մյուսը՝ կեսն է ջրի մեջ։ Ահավոր վիճակ… կարելի է ասել՝ մեռած բերին, հասցրեցին։ Ես էդքան հագուստ եմ ուղարկել, էրեխեն տկլոր, մի հատ նասկի էրեխուս վրա չկար»,- ասաց մայրը։

Օրեր առաջ զինվորի ընտանիքը հեռախոսազրույց է ունեցել զորամասի բուժկետի բժշկի հետ, ով հայտարարել է, թե նրանց տղան հիվանդ է ձևանում։  Ծեծի պատճառը, ըստ հարազատների, դա է եղել։ Դեռևս ձերբակալվածներ չկան։

«Ազատություն» ռադիոկայան