«Մենք մտել ենք շատ տուրբուլենտային և վտանգավոր շրջան, համոզված եմ՝ սա դեռ սկիզբն է և դեռ պետք է շարունակվի». Արման Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

– Պարո՛ն Նավասարդյան, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում՝ նաև ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Ստացվում է՝ ռուս խաղաղապահները չե՞ն կարողանում արցախցիների անվտանգությունն ապահովել։

– Խնդիրն այն է, որ այդ համաձայնագիրն ինքնին այնքան անկատար է, քաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնքան լարված է, Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներն այնքան բացահայտ են, որ ես զարմանում եմ՝ դեռ մի քանի օր էլ դա ձգձգվեց, որովհետև համաձայնագիրն ամբողջովին թերի համաձայնագիր է, որում նշված չեն դեմարկացիոն գծերը, այն պայմանները, որոնք չէին հանգեցնելու նման բախումների։ 

Ես համոզված եմ, որ սա դեռ սկիզբն է և պետք է շարունակվի, մասնավորապես եթե հաշվի առնենք այն, թե այս հարձակմանը ինչ էր նախորդել: Նկատի ունեմ դեկտեմբերի 10-ի զորահանդեսը, որը ազդարարում էր, որ այս ամենը դեռ սկիզբն է և դեռ պետք է շարունակվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ 

Այնպես որ, ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են։ Իսկ թե խաղաղապահ զորքերը կկարողանա՞ն ամբողջ տրամագծով պահել անվտանգությունը՝ բավական բարդ հարց է, քանի որ չեն կարող ամեն գյուղի, ամեն տան կողքին ռուս զինվոր կանգնեցնել «Կալաշնիկովով», որ նա կարողանա պահպանել այդ խաղաղությունը։

Այնպես որ, մենք մտել ենք շատ տուրբուլենտային և վտանգավոր շրջան, որը, համոզված եմ, շարունակվելու է։ Համենայնդեպս, այն բոլոր հայտարարությունները, որոնք եղան Բաքվում զորահանդեսի ժամանակ, ազդանշան են, որ պետք է շարունակվի։ 

Ընդ որում՝ սա ադրբեջանական զորահանդես չէր, սա թուրք-ադրբեջանական զորահանդես էր Էրդողանի ներկայությամբ և արտահայտություններով կամ մարտակոչերով, որ հնչեցին երկու կողմից էլ։ 

Ես զարմանում եմ, որ Հադրութի շրջանի երկու գյուղեր են ագրեսիայի ենթարկել։ Նրանք պարզ ասում են՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը։ Միգուցե այս պահին կարող ենք դա դիտարկել ռազմաշունչ հռետորաբանություն, բայց այդ բոլորի հետևում կոնկրետ պլաններ և ծրագրեր կան։ 

Եվ այդ համաձայնագրում, որը ես համաձայնագիր չեմ համարում, այլ թուղթ, չկան անհրաժեշտ պայմաններ, որից հետո նոր պետք էր զինադադար հայտարարել։ Բացի այդ, այն դիրքորոշումը, որն այսօր ցուցաբերում են ՀՀ ղեկավարությունը և բանակը, ես նկատի ունեմ ոչ միայն Արցախի նկատմամբ ունեցած պարտավորությունների կամ անհրաժեշտ խնդիրների լուծման, այլ հենց Հայաստանի սահմանների վրա, տեսեք՝ Սյունիքում ինչ է կատարվում, վկայում է այն մասին, որ պարտության մատնելով Հայաստանին (չնայած դեռ հարց է՝ ով է պարտվել, ես կարծում եմ՝ պարտվել է իշխանությունը, ոչ թե հայ զինվորը)՝ նրանց թև ու թիկունք է տալիս վարել այնպիսի քաղաքականություն, որը Հայաստանի պետականությունը վտանգի տակ է դնում։

Այսինքն՝ համարժեք չի՞ արձագանքում Հայաստանի իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին։

Այն հայտարարությունը, որը եղավ, ինչ եք կարծում՝ համարժե՞ք էր դիվանագիտական փորձառության տեսանկյունից… բացարձակապես։ Նման բանի դեպքում պետք էր տագնապ հնչեցնել ամբողջ համաշխարհային մասշտաբով, բոլոր ինստիտուտներով, բոլոր դեսպանատները ոտքի հանել, ասել՝ տեսեք՝ ինչ է կատարվում։ 

Հիմա տեղի է ունենում հետևյալը. Թուրքիան այսօր կանգնել է մի ճանապարհին, որտեղ կոպտորեն խախտում է 400 տարի առաջ՝ 1648-ին գրված և գոյություն ունեցող Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացումը կամ պահպանումը։ 

Այսինքն՝ պետությունների սուվերենություն, ժողովուրդների ազատ կամարտահայտություն, ինքնապաշտպանության իրավունք և այլ երկրների չխառնվելու պայման: Այս ամենը Թուրքիան դնում է մի կողմ և ասում է՝ աշխարհը պետք է շարժվի այնպես, ինչպես 15-րդ դարում Մեհմեդ Երկրորդ Նվաճողը հայտարարեց, որ աշխարհում պետք է լինեն մեկ կայսրություն, մեկ հավատք և մեկ իշխանություն։ 

Էրդողանը գնում է այդ ճանապարհով և փորձում է ռեստավրացիայի ենթարկել Օսմանյան կայսրության քաղաքականությունը։ Եվ հիմա, երբ կարծելով, որ Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Միջերկրական ծովի ավազանում կարողանում է լուծել իր հարցերը, փորձում է ծանրության կենտրոնը տեղափոխել Կովկաս։

Մենք, այո՛, պարտվեցինք, բայց այս բոլորից ամենաշատը շահել է Թուրքիան, որովհետև նա կարողացավ մտնել այս տարածաշրջան՝ անկախ նրանից, թե որ սահմաններում է գործում։ 

Ճիշտ է, այսօր նրան տրվել է Բաքվում խաղաղապահ ուժերի գործունեությունը հսկելու հնարավորություն, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ վիճակը վայրկյան առ վայրկյան կարող է փոխվել։ Եվ ես շատ վրդովված եմ, որ Փաշինյանը ստորագրել է իններորդ կետը։ 

Կոպիտ ձևակերպմամբ՝ այդ համաձայնագրի ծաղկեպսակը իններորդ կետին է վերաբերում, որտեղ Մեղրիի միջանցքի անցկացմանն է վերաբերում։ Եվ սա մեծ վտանգի տակ է դնում այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ամեն վայրկյան կարող է իր հետևանքները ունենալ։ 

Այն, որ հիմա իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե ճանապարհները բացենք, նորմալացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այս բոլորից մենք կշահենք, կլինի ծաղկուն երկրամաս, սա նշանակում է կա՛մ դավաճանություն, կա՛մ քաղաքական տգիտություն։ 

Այս բոլորի հեղինակը մեր իշխանություններն են, որոնք չեն լուծում ոչ մի հարց, որոնց առջև այսօր կանգնած են Հայաստանի ռազմական, դիվանագիտական և տնտեսական բնագավառները։ 

Իհարկե, պետք է նշել, որ այստեղ մեծ խնդիրներ պետք է ունենա Ռուսաստանը, որովհետև փոխվում է աշխարհաքաղաքական վիճակը, նոր աշխարհակարգ ստեղծելու վտանգ կա, Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանի համար մեկ խաղացող, և եթե Ռուսաստանը մինչև հիմա մտածում էր, որ շնորհիվ Թուրքիայի՝ ստեղծվում է երկբևեռ աշխարհ, եթե թուրքերը հեռանան Արևմուտքից և մոտենան Ռուսաստանին, հիմա տեսնում են, որ դա ամենևին այդպես չէ։ 

Թուրքիան իրեն դիտարկում է առանձին, ինքնուրույն քաղաքականություն և փորձում է հետ վերադարձնել Օսմանյան կայսրության անցած փառքը և թուրքական նավատորմի հսկողության տակ դնել Սև ծովը, Միջերկրական ծովը։ 

Էրդողանի ելույթը հիշենք, որտեղ նա Էնվեր փաշայի անունն է տալիս, հիշում նրա պայծառ հիշատակը և ասում՝ եթե Հայաստանը խելքը գլուխը չհավաքի, մենք սա կանենք, նա կանենք։ 

Փաստորեն այդտեղ Հայաստանի լիկվիդացման հարց է դրված, 15 թվականի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է Էրդողանը փորձում իրականացնել։

– Այս իրավիճակում ի՞նչ ելք կա, արդյոք իշխանափոխությունը լուծելո՞ւ է մի շարք խնդիրներ, թե՞ ավելի է խորացնելու խնդիրները։

Այն, ինչ կատարվեց, այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն այս դրության մեջ գոնե փոքր շտկումներ կատարելու, որ այդ համաձայնագիրը նորից վերանայվի, վերաքննվի և վերաբանակցվի։ Այստեղ բանակցողների ուժեղ խումբ է պետք։ Պետք են մարդիկ, որոնց Ռուսաստանը վստահում է, իսկ այսօրվա իշխանություններին Ռուսաստանը չի վստահում։ Եվ այստեղ պետք են մարդիկ, որոնց ընդունում և հասկանում է Ռուսաստանը, և որոնք Ռուսաստանին են հասկանում, գիտեն նրա հետ բանակցելու բոլոր գաղտնիքները և նրբությունները։

– Բայց Պուտինը ասում է, որ Փաշինյանը տղամարդկային քայլ է արել, որ պետք է աջակցել։

– Այն, ինչ նա ասում է, լրիվ հակառակը պետք է հասկանալ։ Եթե Պուտինն իրոք նրան պաշտպաներ, ապա նրա բոլոր լրատվամիջոցները և պրոպագանդիստական մեքենան կեղտ չէին թափի Հայաստանի իշխանությունների գլխին, նրանք չեն ուզում ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և միանշանակ երբեք պաշտպանության տակ չեն առնի այսօրվա իշխանություններին և երբեք մատը մատին չեն խփի, եթե Հայաստանի այսօրվա ղեկավարությունն անէանա։ 

Մեզ այսօր պետք է ազգի էլիտա, ինտելեկտ ունեցողների համախմբում, որ կարողանանք այս ֆորսմաժորային վիճակից դուրս գալ։ Մենք այսօր շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։

 Մեր գլխին այսօր դամոկլյան սուր է կախված, և եթե իմ համալիր վերլուծությունը ճիշտ է հուշում, այստեղ մենք կարող ենք տեսնել Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։ 

Իրանն այս ամիսներին չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և թույլ տվեց, որ իր սահմանի երկայնքով տեղակայվեն ուժեր, ահաբեկիչներ, որոնք ամեն վայրկյան կարող են ռազմական գործողություններ սկսել, ինչը կուղեկցվի Իսրայելի կողմից պատերազմական գործողություններով Ադրբեջանի տարածքից, Իրանը 30 տարի իր սահմանների երկայնքով ապրում էր, իսկ հիմա հրաբխի վրա է նստած։ Եվ եթե պատերազմ լինի, Իրանը կպարտվի, ամբողջ Ատրպատականը կանցնի Թուրքիայի տիրապետության տակ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am