«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրոնագետ, փիլիսոփա, սոցիոլոգ Վարդան Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, այսօր՝ օգոստոսի 7-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող վեց եպիսկոպոսները կմասնակցեն գործով առաջին դատական նիստին։ Ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվողը:
– Գործընթացը բավականին վտանգավոր եմ համարում այն տեսանկյունից, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին համաշխարհային կառույց է ու ամբողջովին Սփյուռքի հետ կապ ունեցող մեր ունեցած միակ կառույցն է ու հայրենյաց Սփյուռքին ռիթմը հաղորդողը Հայ Առաքելական Եկեղեցին է: Եկեղեցու դեմ ոտնձգությունները, առավելևս՝ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգություններն անթույլատրելի են, քանի որ Եկեղեցին բրգաձև կառույց է, ու նրա բոլոր ուժագծերը կենտրոնացած են գագաթում, այսինքն՝ եթե դու գագաթի քարը պոկում ես, այդ ուժագծերը սկսում են քանդվել:
Սա շատ վտանգավոր երևույթ է, ու սա պետք է հասարակությունն ու գործող իշխանությունները գիտակցեն, որ անելն անթույլատրելի է, այսինքն՝ սկսել քրեական գործ, հարվածի տակ դնել Եկեղեցու Գլխին, հայտարարել, որ նոր կաթողիկոս պետք է ունենալ:
– Տարբեր հայտարարություն-կոչեր եղան՝ ուղղված իշխանություններին՝ կանգնեցնել այս գործընթացը, բայց, ինչպես տեսանք, ոչ մի արձագանք չեղավ:
– Պարզ է, որ նրանք վճռական են տրամադրված, բայց, ինչպես ասում են՝ այս փլավը դեռ շատ ջուր կխլի, դա այդքան էլ պարզ հարց չէ: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ որևէ դեպքում ոչ մի բան չի փոխվելու, եթե անգամ լինի ամենածայրահեղը՝ չի փոխվելու ոչինչ, նորից եմ կրկնում:
– Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ առումով եք ասում, որ ոչինչ չի փոխվելու:
– Երկինք-երկիր հարաբերությունների, ազգ-կրոն և Աստված-ժողովուրդ հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվելու:
–Իրավական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության իրավունքների համատեքստում։
– Երկրորդ՝ նման նախադեպ մենք չենք ունեցել, այսինքն՝ Հայաստանում կան բազմաթիվ կրոնական կառույցներ, որևէ մեկի դեմ քրեական գործ, որևէ կառույցի գլուխ քրեական պատժի չի ենթարկվել: Կատարվողը նախադեպ է, ու, ինչպես ասացի՝ շատ վտանգավոր նախադեպ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















