Թրամփ․ Ռուսաստանը կարող է ազդել ԱՄՆ ընտրական ենթակառուցվածքի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին ունեցած հեռուստաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի հակառակորդների» թվում է, որոնք, ըստ հետախուզական գնահատականների, կարող են ազդել երկրում անցկացվող ընտրությունների վրա։ Հեռուստաուղերձի տեսանյութը հրապարակել է Fox 13-ը։

Թրամփը ներկայացրել է գաղտնազերծված հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, վկայում են, որ ԱՄՆ ընտրական համակարգերը «ծայրահեղ աստիճանի ենթակա են հարձակումների ռիսկի»։

«Ինչպես ասվում է գնահատումներից մեկում, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների հակառակորդները, որոնց թվում են առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումները, հնարավորություն ունեն ազդելու ամերիկյան ընտրական ենթակառուցվածքի վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ, ըստ հետախուզական տվյալների, Չինաստանը փորձել է ազդել 2018 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունների, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա։