ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:
Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում:
Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:
Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով:
Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով: Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են:
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։ Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ: