«Հայկական ժամանակ». Համացանցում հայտնի տեսանյութում ծեծվող աղջկան սպառնում են

Հեղինակ MediaLab

Համացանցում հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:

«Հայկական ժամանակ» թերթի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաև գործով քննիչը և ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն և գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, և ինքը ոչ մի բողոք չունի: Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետևաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով:

Ի դեպ, «Հայկական ժամանակ» թերթի ունեցած տեղեկություններով, այն աղջիկը, որը տեսագրության մեջ ծեծում է «ընկերուհուն», ոստիկանությունում բացատրություն է տվել` որպես ծեծի պատճառ նշելով. «Ինքը իմ սրբությանն ա կպել»: Ըստ նրա, ինքն ինչ-որ զրույցի ժամանակ երդվել է «հոր արև», իսկ դիմացինը ասել է` սուտ ես ասում, ինչն էլ իրեն հունից հանել է: «Տուժած» աղջիկը այժմ սովորում է երևանյան քոլեջներից մեկում, դպրոցից հեռացել էր միջադեպից կարճ ժամանակ անց:

© Medialab.am