«Փայտը՝ անուշահոտ, ներկը՝ հատուկ»․ Շուշիից 11-ամյա Գրիգորը տոնածառի խաղալիքներ է պատրաստում և փորձում գումար վաստակել

Շուշեցի 11-ամյա Գրիգոր Ղարաբեկյանը որոշել է իր նկարչական տաղանդն օգտագործելով՝ տոնածառի խաղալիքներ պատրաստել և գումար վաստակել։

Գրիգորը ընտանիքի հետ Շուշիից Երևան է տեղափոխվել 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ղարաբեկյանները Շուշիում կորցրել են իրենց տունն ու տեղը, հողամասը, այգին, անասնաֆերման, Երևանում այժմ վարձով են ապրում։ Գրիգորի մայրը՝ մասնագիտությամբ մանկավարժ Անի Կապլանյանը, ասում է՝ պատերազմն ամբողջությամբ փոխեց իրենց կյանքը, երեխաները ևս անմասն չմնացին պատերազմի թողած հետևանքներից։

Պատերազմից հետո տեսնելով երեխայի տրամադրության կտրուկ փոփոխությունը և երեխայի ցանկությունը գումար աշխատելու՝ մայրն առաջարկում է որդուն իր սիրած հոբբիով զբաղվել։ 

«Մի շաբաթում էստեղ ինքը կորցրեց և՛ համակարգիչը, և՛ հեռախոսը, տրամադրությունն ընկավ, ասում էր՝ ես դժբախտ եմ, ամեն ինչ կորցնում եմ ու փչացնում։ Մտածեցի՝ ինչ-որ բան ա պետք, որ իր ինքնավստահությունը վերականգնվի, որ տեսնի՝ կարողանում ա ինչ-որ բան անի, ու գումարը կհավաքենք, համակարգիչ կգնենք»,- պատմում է մայրն ու ասում, որ օրինակ էլ ունեին՝ մի աղջիկ էլ նագեթներ էր վաճառում, որի հաճախորդն էին եղել նաև իրենք։

«Առաջարկեցի տոնական խաղալիքներ պատրաստել, ինքը հաճույքով, սիրով ա նկարում, համաձայնվեց, միտքը դուր եկավ։ էդ ընթացքում իր համակարգիչը 13 օր հետո վերադարձրեցին, բայց սկսել էինք միտքը իրականացնել, չդադարեցրինք»։

Մոր խոսքով՝ որդին օրական պատրաստում է 2-10 խաղալիք։ 

«Սկզբում Շուշիի նկարչության դասատուի հետ խորհրդակցեցինք՝ կկարողանա՞ անի, ասեց՝ հա, ես ներկեր ունեմ, կնվիրեմ վրձիներով, հետո փայտերը գնեցինք, սկսեց աշխատել: Հիմա ամուսինս ճյուղերից կտրտում ա, Գրիգորը՝ նկարում»։

Գրիգորը փայտի վրա ակրիլով նկարում է, թողնում չորանա, հետո անցք են բացում փայտի վրա և թել անցկացնում, որ հնարավոր լինի տոնածառից կախել։

Տղան, ըստ տրամադրության՝ կամ պատկերներն ինքն է ստեղծում, կամ դրանք փնտրում է համացանցում։ Փայտի վրա պատկերները տոնական թեմաներով են՝ տոնածառ, ձմեռ պապ, տարվա խորհրդանիշ վագրը և այլն։

«Մտածում ենք նաև անվանական խաղալիքներ պատրաստել»,- նշում է մայրը։

Անին ասում է՝ նկարչությունը միակ բանն է, որ Գրիգորը կարող է իր ժամանակի մեծ մասը տրամադրել և չձանձրանալ։

«Ինքը գնում ա ջութակի, կիթառի, կավագործության, սպորտի, նկարչությունը, անկախ բիզնեսի վերածելուց, միակ բանն ա, որ կարա ժամերով, երկար նստի, հավեսով նկարի»։

Մեկ խաղալիքի արժեքը շուրջ 800 դրամ է։

Առայժմ Գրիգորը տոնածառի խաղալիքների 6 պատվեր է կատարել է, և 4-ը սպասում են իրենց տերերին։

Մայրն ասում է՝ որդին ցանկանում է իր մտահղացմամբ ոչ միայն խաղալիքներ, նաև մագնիսներ պատրաստել։

Գրիգորի աշխատանքները նաև ներկայացված կլինեն Սուրբծննդյան տոնավաճառում, որը տեղի կունենա «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան) դեկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից մինչև 20։00։

Արփինե Արզումանյան

MediaLab.am