Ապարանի համայնքապետն ու վարչական ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը և վարչական ղեկավարները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։

Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել:

ՈՒստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։

Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»: