ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի: