ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը՝ հեռուստաեթերի աղբի խնդրի վերաբերյալ

ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը՝ հեռուստաեթերի աղբի խնդրի վերաբերյալ
ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը՝ հեռուստաեթերի աղբի խնդրի վերաբերյալ

Ինչպես գիտեք, մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են գտնվում ոչ միայն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի, այլ նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները: Հետևաբար, ինստիտուցիոնալ առումով մեզ է վերապահված վերոնշյալ ոլորտների օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

Եվ ուրեմն, սկսում ենք աշխատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի շուրջ: Ինչո՞ւ է սա հատկապես կարևոր. հեռուստատեսությունը և ռադիոն նույնիսկ այս կամ այն ձևական մետամորֆոզների ենթարկվելու դեպքում երկար տարիներ շարունակելու են մնալ մեդիայի կարևորագույն բաղկացուցիչներից երկուսը: Իսկ մեդիան մեկն է այն առանցքային գործիքներից, որոնք ձևավորում են մեր լեզվամտածողությունը, աշխարհայացքը, տեղեկացվածության աստիճանն ու որակը, վերջիվերջո, ինչու ոչ՝ նաև մշակույթը:

Անձամբ ես և իմ գործընկերները բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից: Մարդիկ ունեն իրենց ընկալումը՝ որն է լավ, որը՝ վատ, որը՝ որակյալ, որը՝ աղբ:

Մենք երկար ու բարդ ճանապարհ ունենք անցնելու այս տարաբաժանումները համակարգային կերպով արձանագրելու և կիրառելու համար: Բայց ՀՌ մասին օրենքը միայն եթերի որակյալ բովանդակությունը չէ, չնայած՝ դա այն վերջնարդյունքն է, որը հասնում է հեռուստադիտողին կամ ռադիոլսողին: Դա նաև մեդիա-հասարակություն-պետություն-մեդիա իրավահարաբերություններն են, տեխնիկական չափորոշիչները, համակարգային կառուցվածքները:

ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:

Մենք աշխատելու ենք թափանցիկ, հնարավորինս ներառական, մեր դավանած արժեհամակարգային սկզբունքներին համապատասխան, բայց նաև՝ արագ և կոնկրետ. ժամանակ վատնելու իրավունք չունենք: Աշխատանքների իրականացման տեխնիկական մանրամասների մասին կհայտարարենք հընթացս: