«Առանց քաղաքական ենթատեքստի» համանախագահները Ղարաբաղ չմեկնեցին

Չնայած բոլոր սպասումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 10-ին այդպես էլ Ղարաբաղ չեն մեկնել եւ Երեւանից ուղիղ գնացել են Բաքու:
Մեկ օր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողներին ասել էր, թե իրենք սպասում են համանախագահների այցին:
Համանախագահների անսպասելի չմկենելը, սակայն, Ղարաբաղում քաղաքական չեն համարում, եւ նշում են, թե պատճառները զուտ տեխնիկական են:
«Մեդիալաբի» հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց, որ համանախագահների` ԼՂՀ չայցելելու պատճառը «ոչ թռիչքային պայմաններն են»:

«Հետաքրքիր զուգադիպություն է, այսօր առավոտից եղանակը սկսել է վատանալ, նույնիսկ կարող է ձյուն էլ գա: Այսինքն, համանախագահների չգալը զուտ տեխնիկական պատճառով է եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի»,- ասաց Բաբայանը:

Բաքվում համանախագահները պետք է հանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանում համանախագահները հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Նալբանդյանի եւ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ:

© Medialab.am