ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքի վերաբերյալ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքի վերաբերյալ

Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տևական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից` դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունը այլ անձանց համար:

Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու վերաբերյալ կառավարական հանձնաժողովի որոշումը: Սույն արարողության պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության բանակցությունները հավաքի կազմակերպիչների հետ արդյունք չտվեցին:

Դրսևորելով հանդուրժողականություն և պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետևողականորեն բանակցելու որդեգրված սկզբունքը` ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսևորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց՝ ապավինելով հավաքի կազմակերպիչների ողջամտությանը:

Միաժամանակ, անօրինական հավաքի կազմակերպիչները և մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը:

© Medialab.am