«Սկեսուրիս մոտ էլ քաղցկեղ է հայտնաբերվել, չեմ հասցնում»․ Հադրութից՝ Վանաձոր` հուսահատ ու ձեռնունայն

Մանուշ Գրիգորյանի սկեսուրը, ամուսնու եղբայրը և երեխաները

Արցախյան պատերազմի հետևանքով Հադրութի Ազոխ գյուղից տարհանված և Հայաստանում՝ Վանաձորում, ապաստան գտած Մանուշ Գրիգորյանի ընտանիքը դժվարին իրավիճակում է հայտնվել։

30-ամյա Մանուշ Գրիգորյանը պատերազմի ժամանակ վիրավորում ստացած ամուսնու, երկու անչափահաս երեխաների, ամուսնու վատառողջ մոր և ամուսնու՝ լսողության խանգարում ունեցող եղբոր հետ այժմ բնակվում է բարեկամի տրամադրած մեկսենյականոց տանը, որտեղ, Մանուշ Գրիգորյանի խոսքով՝ նույնիսկ լոգարան չկա։

«Վեց հոգով ենք՝ ես, սկեսուրս, տեգրս, երկու տղես, մեկ էլ ամուսինս, մեր բարեկամի տունն ա, միսենյականոց փոքրիկ տեղ ա, բայց դե, ինչ արած, մնում ենք։ 

Սկզբում մենակ էինք՝ ամուսնուս ու երեխեքիս հետ, բայց որ սկեսուրս սենց վատացավ, մեր մոտ բերեցին։ Ոտքերը թուլացել են, ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել։ Ոչ քայլում ա, ոչ բան»,- պատմում է Գրիգորյանը։

Մանուշ Գրիգորյանին, սակայն, ապրուստի, կեցության նեղ պայմաններն այնքան չեն անհանգստացնում, որքան սկեսրոջ վատառողջ լինելու հանգամանքը և ֆինանսական սուղ պայմանների պատճառով բուժման համար նախատեսված դեղորայք և հիգիենայի պարագաներ գնելու խնդիրները։

«Հիմա խնդիրն էն ա, որ ֆինանսապես չեմ հասցնում: 300 հազար դրամը տվել են, գնացել եմ լվացքի մեքենա եմ առել, մի քիչ դեղեր առա, ամեն օր հիգիենայի պարագաներ են պետք իր խնամքի համար, չեմ հասցնում։

Հիմա էս տանը նաև բաղնիքն ենք սարքում, բաղնիք չունենք, 300 հազար դրամից նաև բաղնիքն ենք վերանորոգում, որ գոնե բաղնիք լինի»,- «Մեդիալաբին» պատմում է Գրիգորյանը։

Մանուշ Գրիգորյանը՝ երեխաների հետ

Նրա խոսքով՝ Հադրութում ապրուստի նորմալ պայմաններ են ունեցել, երկհարկանի առանձնատուն են վարձակալել իրենց ընտանիքի համար, կարողացել են աշխատել և հոգալ իրենց ծախսերը, սկեսուրն էլ, ամուսնու եղբայրն էլ իրենց սեփական տներն են ունեցել, բայց այսօր ոչինչ չունեն։

«Մեր տունը ու սկեսուրիս տունը առանձին էր, ամեն ինչ ունեինք, փառք Աստծո, տուն էինք վարձակալել մեր ընտանիքի համար, ամեն բան առել էինք, ամուսինս աշխատել ա, արել ենք։ Ամուսինս վիրավորում ունի, զինվորական է, բայց ուզում է աշխատանքը փոխի, էստեղ մի բանով զբաղվի։

Սկեսուրս, տեգրս Հադրութում տներ ունեին, բայց դրանք էլ մնացին իրանց։ Տան թղթերը կան, սաղ մեր մոտ ա, բայց Արցախում էլ տուն չեն տալիս։ Տան հարցերով, ասում են՝ ծրագիր չունենք»,- նշում է Գրիգորյանը։

Մանուշ Գրիգորյանն ասում է, որ անհատները, հասարակ մարդիկ փորձում են օգնության ձեռք մեկնել․ «Հիմնականում հասարակ մարդիկ են օգնում։ Սպիտակեղեն պետք ա բերեն, ասեցին՝ ի՞նչ ունեք պակաս, ասեցինք, երևի կբերեն։

Պետությունը սննդով ապահովում է, բայց սկեսուրս ինչ հիվանդացել ա, ոչ եկել են, ոչ բան։ Մի խոսքով, պետությունից էլ սկի հույս չունեմ, որ մեզ կօգնեն։

Բայց տա Աստված, մի լույս բացվի»,- ասում է Մանուշ Գրիգորյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am