Սոցիալական արդարություն. տարկետում կամ «Գազել»

Սոցիալական արդարություն. տարկետում կամ «Գազել»
Սոցիալական արդարություն. տարկետում կամ «Գազել»

Տարկետման իրավունքի հետ գիտությունը կապ չունի ու չի կարող ունենալ։ Այդ իրավունքը միայն սոցիալական հավասարության հարց է։ Վիգեն Սարգսյանն էլ է օգտվել տարկետման իրավունքից։ Եվ ի՞նչ է դարձել։ Իսկ բանասիրականը հեռակա ավարտած Սերժ Սարգսյանը կռվել է նույնիսկ Ղարաբաղում։ Այսօր Թալեաթը կնախանձեր Հայաստանի ոչնչացման այն ծրագրին, որն իրականացնում է Սերժ Սարգսյանը:

Միտքը տարկետման իրավունքի հետ կապ չունի։ Հավասարապես բոլոր տղաներին բանակում տեսնելու պաշտպանության նախարարի գաղափարը հանցագործություն է։ Նախ հավասարությունը բնական իրավունք չէ, յուրաքանչյուրը ապրելու իր իրավունքն իրացնում է յուրովի՝ մեկը հանցագործությամբ, մյուսը գրադարաններում, երրորդն իրեն 5 տարեկանից տեսնում է զինվորական գործի մեջ, չորրորդը պաշտպանության նախարար է, բայց այդպես էլ զինվոր չի դառնում։

Բնական իրավունք է նաեւ զենքի միայն տեսքից զզվելը։ Կոմիտասը զզվում էր, Էքզյուպերին՝ ոչ։ Հեմինգուեյը նույնիսկ սիրում էր զենքը։ Հավասարությունն իրավունք է դառնում օրենքներով։ Իսկ օրենքները չեն կարող բնական իրավունքին հակընդդեմ լինել, ասենք, չես կարող օրենք հռչակել, որ արգելոցներում պետք է ապրեն մարդիկ, իսկ բնակարաններում բեզոարյան այծն ու մուֆլոնը։ Յուրաքանչյուրն իր բնական միջավայրն ու այնտեղ դրսեւորվելու բնավորությունն ունի։ Քծնանքը եւ ստրուկի հոգեբանությունը մարդկային է, դրանցով պաշտոնեական առաջխաղացումը՝ նույնպես։

Սոցիալական հավասարությունը լավ բան է։ Այն զոռով պարտք դարձնելով չէ, այն պետք է լինի նաեւ իրավունք։ Դու համալսարաններում թույլատրում ես ՀՀԿ-ի հանցավոր գործունեությունը, ընդ որում հենց հանցավոր մեթոդներով, որովհետեւ դրա իրավունքն ունես օրենքով, բայց երբ ուսանողն ուզում է փողոց դուրս գալ, դռները փակում ես։ Ձեզ չե՞ն ասել, որ էս անհամապատասխանության համար պատասխան եք տալու, հո հավերժ չե՞ք։

Ասենք, ինչու՞ է ձեր սոցիալական արդարության զգացումը բռնում բանակային ծառայությունը հիշելիս, իսկ բենզինի մենաշնորհը կոտրելիս՝ ոչ։ Սոցիալական արդարություն՝ նշանակում է պետք է վերացնել Հայրենիքի համար ընկածների հարազատների արտոնությունները, որպեսզի ընդհանրապես Հայրենիքի զգացում չունեցողները վատ չզգան։ Սոցիալական արդարություն, նշանակում է Վիգեն Սարգսյանը պետք է աշխատանքի գնա 55 համարի «Գազելով»։ Հավասարությունը սա է, բայց սա բանական հավասարություն չէ։ Սոցիալական արդարությունն իրականացնում են միջով, ոչ թե՝ վրայով։ Դուք ուսանողների վրայով սոցիալական արդարություն եք ուզում իրականացնել, ինքներդ մի քանի սանդղակ անհավասար լինելով մոտ 2,5 միլիոն մարդու հանդեպ։

Գիտությամբ չզբաղվելու սպառնալիքը կեղծ դժգոհություն է, այն կռիվը տեղափոխում է մի ոլորտ, որտեղ գիտնականից մինչեւ առաջին կուրսեցի չեն կարող ցույց տալ, թե Հայաստանում որտե՞ղ է գիտությունը։ Մի քանի տարի առաջ հունգարական իշխանությունները Ռամիլ Սաֆարովին վերցրեցին ու Ադրբեջանին վերադարձրեցին: Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ինչպե՞ս հակադարձեց այդ քայլին։ Այս մարդն էլ իր հերթին վերցրեց ու խզեց կապերը Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ։ Բա գիտությունը գիտությունից կխռովի՞։ Սա բանական մարդու արա՞րք է։ Ու ոչ մի գիտնական կամ ապագա գիտնական չասեց՝ Ռադիկ ձյաձյա, էս ի՞նչ ես անում։ Մենք էժան պրծանք, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասընթացներից չհեռացրեցին հունգար կոմպոզիտոր Ֆերենց Լիստին։

Մեր ուսանողները պետք է պայքարեն ոչ թե այն բանի համար, որ սոցիալական հավասարությունը վերաբերվի բոլորին, այսինքն, ծառայեն նաեւ պաշտոնյաների զավակները, նրանք պետք է պայքարեն հանուն բանականության՝ իշխանությունը պետք է հեռու մնա գիտությունը զրոյացնելուց, որպեսզի այսօր հանուն գիտության զարգացման պայքարը անհեթեթ չթվա։

Իսկ այդ պայքարն այսօր անհեթեթ է։ Գիտությունը չի զարգանում հենց այն պատճառով, որ այսօր ամբողջ Հայաստանով մեկ կա միայն մեկ հավասարություն՝ հակագիտական միջավայր, իմաստ չկա գիտությամբ զբաղվել, դրա համար ոչ միջոց կա, ոչ ցանկություն, ոչ էլ մի պաշտոնյա, որը կարող է գրել «գիտություն» բառը։

Մհեր Արշակյան

MediaLab.am