Չեմ կարծում, որ ակցիան Ռուսաստանի նախագահին ստիպելու է որոշումներ կայացնել, բայց դրական է միջազգային հանրությանն ուղղված ուղերձներով. 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Արցախում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժում-հանրահավաքը ինչպե՞ս եք գնահատում, նպատակին կարո՞ղ է ծառայել այս շարժումը։

– Սա Արցախի՝ աղմուկ բարձրացնելու, խնդիրը մոռացության չմատնելու ակցիաներից մեկն է, ինչը շատ կարևոր է ընդհանուր համատեքստում։ Իհարկե, այն առանձին որպես ակցիա որևէ լուրջ արդյունք ունենալ չի կարող, բայց հաշվի առնելով այն, որ դա ընդհանուր գործողությունների մի մասն է, ու հաշվի առնելով, որ աշխատանքներ են իրականացվում բազմաթիվ այլ ուղղություններով, այդ թվում՝ և՛ Արցախը, և՛ Հայաստանը, շատ կարևոր գործողություն է, ինչը կարող է ժամանակի մեջ ինչ-որ ազդեցություն ունենալ։

– Վաղը կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին այս ակցիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

– Ես մեծ հույսեր չէի կապի վաղը կայանալիք բանակցությունների հետ, դրանք ևս ողջ գործընթացի մի մասն են, ոչ ավելին։ Այս ակցիան կարող է որոշակի առումով հնարավորություն տալ Փաշինյանին ավելի կոշտ դիրքերից խոսել Լաչինի միջանցքի բացման մասին, խոսելու ու գործելու համար դաշտ բացել, բայց միայն այսքանը, լուրջ արդյունքների չի հանգեցնելու։ Լուրջ արդյունքների կհանգեցնի այս բազմաթիվ գործողությունների համախումբը, որոնք դեռևս գործընթացի փուլում են և ոչ՝ հանգուցալուծումների։

– Ինչպիսի՞ն պետք է լինի գործողությունների համախումբը, որ լուրջ արդյունքներ ստանանք, պարո՛ն Ղևոնդյան։

– Դրանք պետք է լինեն շարունակական, պետք է լինեն անընդհատ, բազմակողմ, պետք է լինեն դիվանագիտական քայլեր և՛ Հայաստանի, և՛ Արցախի կողմից, ընդ որում՝ առանձին-առանձին ու նաև միասնական: Շատ կարևոր է, որ դրանք ոչ բոլոր դեպքերում համընկնեն, շատ կարևոր է, որ լինեն դեպքեր, երբ հայկական երկու պետությունների դիվանագիտական գործողությունները, հայտարարությունները և այլն չհամընկնեն, ինչը որոշակի առումով Արցախի սուբյեկտայնության հետ կապված խնդիրներ է լուծում։ 

Անհրաժեշտ է, որ Արցախի ժողովուրդն իր խոսքն ասի, իր քայլերն անի: Գիտենք, որ Արցախում կան քաղաքական որոշակի խմորումներ, դրանց վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ սեփական տեսակետները ու ցույց տալ աշխարհին, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, ու ժողովրդավարական գործընթացներ են այնտեղ հնարավոր: 

Շատ կարևոր է, որ Արցախն ազատվի մեկ աշխարհաքաղաքական ուժից ունեցած կախվածությունից, փորձի գործողություններ իրականացնել նաև այլ ուղղություններով, ինչի որոշակի նշաններ արդեն տեսնում ենք։ Բազմաթիվ են գործողությունները, որոնք պետք է արվեն։ 

– Այս ակցիայից հետո ռուս խաղաղապահները՝ ի դեմս, բնականաբար, Ռուսաստանի, որոշակի քայլերի կդիմե՞ն, թե՞ ոչ։

– Քաջատեղյակ լինելով Ռուսաստանի քաղաքական կառուցվածքին՝ անհրաժեշտ է նշել, որ այդ երկրում ու այդ երկրի հետ կապված բոլոր գործընթացներում որոշումներ կայացնողը մեկ անձ է՝ նախագահը, այնպես որ, չեմ կարծում, որ այս ակցիան խաղաղապահներին ինչ-որ գործողության է դրդելու: Չեմ կարծում նաև, որ նման ակցիաներով հնարավոր է Ռուսաստանի նախագահին ստիպել որոշումներ կայացնել կամ փոխել։ 

Այս ակցիան ես դրական կգնահատեի ավելի շատ միջազգային հանրության այլ ուղղություններին ուղղված որոշակի ուղերձներով, ինչպես նաև, ինչպես ասացի, վաղվա ու հետագա բանակցություններում հայկական կողմի դիրքավորման առումով։

– Եթե ակցիան շարունակական լինի, Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում էլ լինեն նմանատիպ ակցիաներ, ինչպես ակնկալում է արցախահայությունը, միջազգային հանրությունը գործուն քայլեր կանի՞, որպեսզի ազդի Ադրբեջանի վրա։

– Ես նախ չեմ կարծում, որ Արցախի այդ գործողություններին ի պատասխան Հայաստանի ներսում կլինեն մեծ թափ ունեցող գործողություններ, որովհետև նման գործողություններ իրականացնելու ռեսուրս Հայաստանում ունի ընդամենը երկու քաղաքական ուժ: Մեկը իշխանությունն է, որը չի գնա նման քայլի, քանի որ հետևում է միայն «խաղաղության դարաշրջանին», մյուսը՝ խորհրդարանական ընդդիմությունն ու նրան հարող ուժերն են: Նրանք էլ չեն գնա նման քայլի, որովհետև մենք գիտենք նրանց ուղղվածությունն ու մոտեցումը դեպի ռուսական քաղաքական կողմնորոշում, իսկ Ռուսաստանը, ըստ ամենայնի, այս գործընթացներին կողմնակից չէ։ 

Սրանից ելնելով՝ ենթադրում եմ, որ ի պատասխան Արցախի գործողությունների՝ Հայաստանում մեծ ու խոշոր քաղաքական բողոքի ակցիաներ չեն սպասվում: Իհարկե կլինեն որոշ քաղաքական ուժեր ու անհատներ, որոնք սակայն լուրջ ազդեցություն չունեն գործընթացների վրա, որ կնախաձեռնեն որոշակի ակցիաներ, բայց լուրջ գործողություններ, չեմ կարծում՝ հնարավոր են։ Բայց եթե հանկարծ դա տեղի ունենա, կարծում եմ, այո՛, դա կարող է որոշակիորեն ազդել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի որոշումների վրա։

– Պարո՛ն Ղևոնդյան, ճի՞շտ եմ նկատում, որ դուք կարծում եք, թե Ռուսաստանը դեմ է այն ակցիային, որը մեկնարկել է Արցախի Հանրապետությունում։

– Ըստ ամենայնի, Ռուսաստանը ոչ թե դեմ է, այլ Ռուսաստանը չի արտոնել, նրա ցանկությամբ ու մասնակցությամբ չէ տեղի ունեցողը։ Վերջին գործընթացները ես կապում եմ Արցախի շուրջ ընդհանուր միջազգային համատեքստի հետ։ Առաջինը Արցախի Հանրապետություն նախագահի նամակն էր Ռուսաստանի նախագահին, որը, ըստ հասանելի տեղեկատվության, մնաց անպատասխան, դրանից հետո Զախարովայի հայտարարությունը, թե նա չի ճանաչում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, որին հետևեց Էրդողանի հայտարարությունը: 

Այս ամենի համատեքստում այսօր Արցախում տեղի են ունենում երկու կարևոր իրադարձություններ՝ հանրահավաք ու Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը, ինչը ևս կապում եմ այս համատեքստի հետ, հաշվի առնելով, որ Բալասանյանի քաղաքական հնարավորությունները կապված են Ռուսաստանի հետ։ 

Այս ընդհանուր համատեքստում եզրակացությունը մեկն է, որ գործընթացները, եթե Ռուսաստանի դեմ էլ չեն, գոնե արտոնված չեն վերջինիս կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am