Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց են տեղափոխել

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Գլդանիի 18-րդ քրեակատարողայան հիմնարկի բուժհաստատություն, գրում է Aliq.ge-ն

«Առողջական վիճակի վատթարացումը կանխելու և վտանգներից խուսափելու նպատակով 12-րդ քրեակատարողական հիմնարկից Սաակաշվիլին տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների համար նախատեսված Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բանտային հիվանդանոց», — ասված է ՔՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Սաակաշվիլիի տեղափոխման մասին մինչ այդ տեղյակ չեն եղել ոչ նախկին նախագահի մայրը, ոչ էլ՝ փաստաբանը: Վերջիններս հայտարարել են, որ Սաակաշվիլին առևանգված է: 

«Ըստ երևույթին, նրան քիչ առաջ հանել են զրահամեքենաներով, հետո նստեցրել ուղղաթիռ, դրանից հետո թե ուր են տարել՝ չգիտեմ», — լրագրողներին ասել էր Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան։

Քիչ առաջ Միխեիլ Սաակաշվիլիին բուժող բժիշկ Նիկոլոզ Կղիփշիձեն հաղորդել է, որ խորհուրդը միաձայն որոշել է հիվանդին շտապ տեղափոխել բուժհաստատություն։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 39 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։

Նշենք, որ իշխանությունները հրաժարվում էին Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտեղափոխեն Գլդանիի 18-րդ բուժհաստատություն (բանտային հիվանդանոց)։ Սակայն, ըստ հանրային պաշտպանի, վերոնշյալ հաստատությունը չի համապատասխանում նախկին նախագահի առողջությամբ զբաղվող խորհրդի կողմից սահմանված բժշկական նորմերին։