«Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, և շատ բան կախված է լինելու հենց մեզանից. քարտեզագրող

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագրող Շահեն Շահինյանը

 – Պարո՛ն Շահինյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Հայստանը պատրաստ է վավերացնելու «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը։ Նշենք, որ այս նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի ու Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ Ի՞նչ առավելություններ ունի այս միջանցքը, ու ի՞նչ է տալու այն հայկական կողմին։

– Այս նախագծի մասին մի քանի ամիս առաջ էլ ենք խոսել, երբ առաջարկը եղավ Հնդկաստանի կողմից, ու այն ժամանակ ծրագիրը բավական բուռն քննարկվում էր։ Պետք է ասեմ, որ աշխարհագրական դիրքով Հայաստանն ամբողջությամբ շահում է այս նախագծից և պետք է այդ շանսը բաց չթողնել ու ամբողջովին ներգրավվել այդ ծրագրում։

Պետք է հասկանալ, որ այս ծրագիրը, ճիշտ է, միակը չէ՝ որպես Հնդկաստանն ու Եվրոպան կապող միակ ուղի, քանի որ գիտենք, որ այդ նույն կապող ուղու նկատմամբ իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել և՛ Ղազախստանը, Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը Թուրքիայի հետ, բայց շատ կարևոր է, որ այն անցնի Հայաստանով։

Նախագծի մեկ այլ տարբերակ էլ գոյություն ունի, որի համաձայն այն անցնելու է Իրան-Ադրբեջան-Վրաստան երթուղով, և դա Հայաստանին ամբողջությամբ մեկուսացնելու նպատակ է հետապնդում։ Այս երթուղու մաս է հանդիսանում նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, հիշենք, որ Հյուսիս-հարավը ժամանակին բախվեց որոշակի խնդիրների Սյունիքի տարածքում, որտեղ պետք է կառուցվեին թունելներ, կամուրջ, ու դա որոշակի բարդություններ էր ենթադրում, բայց այդ ամենը հնարավոր էր հաղթահարել։ Ես՝ որպես մասնագետ, այս նախագիծը ռազմավարական տեսանկյունից գնահատում եմ շատ կարևոր Հայաստանի համար ու կարծում եմ, որ ուժերի գերկենտրոնացմամբ պետք է իրականացնել։

– Այդ տրանսպորտային միջանցքի ռազմավարական կարևորությունը ո՞րն է լինելու։

– Միջազգային ընդունված կանոն է․ պետությունը որքան կարևորություն է ներկայացնում այլ պետությունների համար, այնքան այդ պետությունը, խնդիրներ ունենալու դեպքում, ունենում է դրական արձագանքի, նույնիսկ օգնության որոշակի երաշխիքներ։ Օրինակ՝ եթե Իրանի շահերը համընկնեն մեր շահերի հետ, ու Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհն անցնի Սյունիքի տարածքով, տրամաբանական է, որ Իրանը Սյունիքի նկատմամբ այլ պետությունների ոտնձգությունների դեպքում հանդես է գալու Հայաստանի օգտին ու հնարավոր է նաև օգնություն ցուցաբերի։ Նույնը կարող են անել Հնդկաստանը, Եվրոպան, եթե այդ ճանապարհն իրենց համար կարևորություն ունենա։ Այսինքն՝ եթե մենք անում ենք այնպես, որ միջազգային բիզնեսը, օտար պետությունների շահերը տեղափոխվում են Հայաստան, ու դրանք համընկնում են մեր շահերի հետ, դա միայն օգուտ է բերելու մեզ։

– Քանի որ նշեցիք, որ այս նախագծի այլընտրանք կա, ու հետաքրքրվող երկրների շարքում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ եք կարծում՝ Հայաստանին կհաջողվի՞ այնպես անել, որ երթուղին անցնի մեր տարածքով, թե՞ հնարավոր խոչընդոտները չի կարողանա հաղթահարել, պարո՛ն Շահինյան։

– Կդժվարանամ ասել, թե որքանով մեզ կհաջողվի իրականացնել այս նախագիծը։ Խանգարելը միանշանակ լինելու է, փորձելու են տարբեր ձևերով խանգարել, օրինակ՝ սահմանային լարվածության կամ այլ միջոցներով այնպես անել, որ այս նախագիծը չիրականանա։

Բայց պետք է ասեմ, որ «Պարսից ծոց-Սև ծով» կապի այս տարբերակն ունի մի առավելություն՝ այն համեմատաբար կարճ է ադրբեջանական տարբերակից, իհարկե, Ադրբեջանը, որպես իր տարբերակի առավելություն, նշում է արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները, կապն Իրանի հետ, սակայն ամեն բան մեզանից է կախված․ որքանո՛վ մենք պատրաստ կլինենք ներդրումներ կատարել մեր ենթակառուցվածքներում, որքանո՛վ կկարողանանք օգտագործել նույն Եվրամիության կողմից մեզ մեկնված ձեռքը՝ 2,6 միլիարդ դոլարի տեսքով, որքանո՛վ կկարողանանք օգտագործել Իրանի գործոնը, Չինաստանի և Հնդկաստանի գործոնը։

Մենք պետք է վարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն, շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու։

– Այսինքն՝ ամեն բան կախված է հայկակա՞ն կողմից։

– Շատ բան կախված է մեզանից, եթե մենք գործելու ցանկություն ունենանք, ապա կկարողանանք հաղթահարել այլ պետությունների ճնշումները։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ այս միջանցքի ստեղծումը չի ընթանալու հալած յուղի պես, լինելու են խոչընդոտներ, բայց չպետք է վախենալ դրանցից, պետք է դիվանագիտական աշխատանք տանել, ու, կարծում եմ, կհաջողվի։

– Տնտեսական առումով և՞ս Հայաստանը կշահի այդ երթուղու շահագործումից։

– Կդժվարանամ գնահատականներ հնչեցնել, բայց իմ ոչ մասնագիտական կարծիքով, մենք միանշանակ կշահենք, քանի որ մեր տարածքով կանցնի միջազգային ավտոմոբիլային և, հույս ունեմ, նաև երկաթուղային գիծ, որի համար ենթադրվում են որոշակի վճարներ, ծախսեր, ենթակառուցվածքների վրա կատարվող ներդրումներ, որը, բնականաբար, տնտեսապես ձեռնտու է Հայաստանին։

– Նման նախագծերի ռազմավարական կարևորության մասին նշեցիք, այ, եթե Հյուսիս-հարավ ավտոմայրուղին արդեն կառուցված ոււ շահագործման հանձնված լիներ, մենք ի՞նչ առավելություններ կունենայինք, ի՞նչ կփոխեր դրա գոյությունն այս իրավիճակում։

– Հյուսիս-Հարավի կառուցումն առաջին հերթին նպաստելու էր մեր տնտեսական շահին, քանի որ մենք կունենայինք բավականին դյուրացված բեռնափոխադրումներ Բավրայից դեպի Երևան և Մեղրիից դեպի Երևան։ Հաջորդը՝ մենք չէինք ունենա Կապան-Գորիս ճանապարհի խնդիրը, որը, գիտեք, ժամանակին փակվեց, որից հետո կառուցվեց շրջանցիկ ճանապարհը, կարճ ժամանակ անց դարձավ անպիտան մեծ բեռնատարների համար, իսկ հիմա էլ որոշակի չափով դժվարանցանելի է։ Ահռելի գումարներ են ծախսվում այդ ճանապարհը շուտափույթ նորոգելու համար, բայց եթե մենք այդ Հյուսիս-հարավը կառուցած լինեինք, ապա բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, քան այսօր է։

– Պարո՛ն Շահինյան, իսկ «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի իրականացումը շա՞տ ծախսատար է լինելու։

– Կդժվարանամ ասել։ Հյուսիս-հարավի մասով, գիտեք, որոշ հատվածների ներդրումներն կատարված են, իհարկե ամենաբարդ հատվածների ներդրումները դեռ պետք է իրականացնել, դրանք Սյունիքի ու Վայոց ձորի հատվածներն են, մենք իրականացրել ենք ավելի հեշտ ու էժան հատվածների ծախսերը, բայց որքան ես եմ տեղյակ, Իրանն արդեն մի քանի տարի է, ինչ այդ ներդրումներն անում է։

Գիտեմ նաև, որ այս ծրագրի վրա ներդրումներ են կատարել և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանը, իսկ Վրաստանի մասին, կարծում եմ, շատերը գիտեն, որ Վրաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է, որ բարելավում է իր տրանսպորտային ենթակառուցվածքներն ու արդեն իսկ հանդիսանում է միջազգային կապուղիների մաս։

Իսկ Հայաստանը բավականին հետ է մնացած աշխարհից և՛ ճանապարհային ենթակառուցվածքներով, և՛ երկաթուղային ենթակառուցվածքներով, ինչու չէ՝ օդային ճանապարհների մասով։ Որոշակի չափով պետք է հաշվի առնել նաև մեր շրջափակման մեջ լինելու հանգամանքը, բայց մենք ինքներս ներդրումներ չենք իրականացրել կամ շատ քիչ ենք իրականացրել, քան պահանջվում էր։

– Եթե «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի այլընտրանքային տարբերակը կյանքի կոչվի, ու այս երթուղին չանցնի Հայաստանի տարածքով, հիմնական մեղավորը հայկակա՞ն կողմն է լինելու։

– Չեմ կարող հիմա հստակ գնահատել, որովհետև չեմ կարող այսօր կանխատեսել, թե միջազգային ինչպիսի խնդիրների կբախվի այս ծրագրի իրականացումը։ Գաղտնիք չէ, որ այս ծրագրից լինելու են ինչպես շահող կողմեր, այնպես էլ՝ տուժող, վերջիններս էլ առավելագույնս խոչընդոտելու են դրա իրականացումը։

Մեր կառավարությունը պետք է գնահատի այն օգուտներն ու վնասները, որը բերելու է այս ճանապարհը, ու կայացնի հստակ որոշում։ Բայց, գոնե իմ գնահատականով, այս ճանապարհը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու պետք է խորացնենք մեր կապերը Իրանի, Հնդկաստանի ու ասիական մյուս խաղացողների հետ, որովհետև տեսնում ենք, որ տնտեսական աճն այսօր Ասիայում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am