«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան նվիրված ուղերձի մեսիջները որո՞նք էին։
– Եթե մի կողմ թողնենք ջուրը, որ նա ամեն առիթ օգտագործում է իր «Իրական Հայաստանի» կեղծ նարատիվն առաջ տանելու համար, ես երկու հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Առաջինն այն է, որ այդ ուղերձում բացակայում էր հասցեական պատասխանատվությունը, այդ ոճիրը կազմակերպելու համար որևէ պատասխանատվություն դրված չէր Օսմանյան կայսրության վրա: Տպավորություն է, որ ուղղակի ցեղասպանություն է տեղի ունեցել ինչ-որ հանգամանքներում՝ Օսմանյան կայսրության տարածքում։ Մեկ անգամ էր ընդամենը օգտագործված «ցեղասպանություն» բառը, մնացած տեղերում «Մեծ եղեռն» արտահայտությունն էր, ինչը զգացական տերմին է, իսկ իրավական տերմինը ցեղասպանությունն է։
Հատկապես առաջին հատվածը, երբ դահիճի ուսերից հանում է պատասխանատվությունը, որը թուրքական ժխտողականության կարևոր թեզերից մեկն է, ժխտողականությունն ու ուրացումը պոզով-պոչով չեն լինում, հենց այդպես է լինում։
Եթե հետևել եք նաև Էրդողանի ուղերձին այսօր՝ նկատած կլինեք, որ նրանք էլ չեն հերքում, որ հազարավոր հայեր զոհվել են, ամբողջ խնդիրն այն է, թե դա ո՛ւմ պատասխանատվության դաշտում է: Եթե չես նշում Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարության պատասխանատվությունն ու պատճառները, կներեք, բայց թուրքերն էլ չեն հերքում, որ, իրենց ձևակերպմամբ՝ «ինչ-որ տհաճ միջադեպ է եղել»։
Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանն այդ ուղերձում շատ վիճահարույց թեզ է առաջ տարել․ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին համոզել, որ սահմանազատված հատվածն ու ինքնիշխանությունը հոմանիշներ են։ Ես կարող եմ բազմաթիվ երկրներ նշել, բայց կսահմանափակվեմ մեկ օրինակով․ Իսրայելն իր բազմաթիվ հարևանների հետ սահմանային խնդիրներ ունի ցայսօր ու սահմանազատված, սահմանագծված երկիր չէ, ինչ է, ինքնիշխան երկիր չէ՞։ Մի խոսքով՝ անատամ ուղերձ էր։
– Թուրքիայի նախագահի ուղերձի մասին ասացիք, Էրդողանն ընդգծել էր, որ պատմական իրողությունները հիշելը կխանգարի ապագային, ըստ էության առաջարկում է մոռանալ պահանջատիրությունը, ինչպես միշտ են արել։ Եթե անգամ հայկական կողմը հրաժարվի պահանջատիրությունից՝ Թուրքիան իսկապե՞ս պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները։
– Ո՛չ, ո՛չ։ Նախ՝ ուզում եմ արձանագրել, որ ես մինչև պատերազմը ու դրանից հետո եղել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից, բայց դա չպետք է տեղի ունենա ուրացման գնով։ Կողմերը կարող են պայմանավորվել, որ պատմությամբ չեն ծանրաբեռնում օրակարգը, այլ խոսքով՝ առանց նախապայմանների գնում են հարաբերությունների կարգավորման, բայց ժամանակակից Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, համարյա բոլոր մակարդակներով քանիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժերի պատրաստ են, եթե ամբողջովին կարգավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլ խոսքով՝ Հայաստանն ամբողջովին կատարի Ադրբեջանի պահանջները։
Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ մտածողության հետևանք է, նա մտածում է, որ եթե Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանա, ապա նրանք տրամադրված կլինեն հարաբերությունները կարգավորել։ «Առանց բայց»-երի կոնցեպտը շատ վտանգավոր է, որովհետև դա ոչ թե խաղաղություն է բերում, այլ մեծացնում է քեզ հակառակորդ երկրների ախորժակը։
– Ապրիլի 24-ի նախօրեին՝ ջահերով երթի ժամանակ, մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները, սրան արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ինչն էլ տարաբնույթ քննարկման արժանացավ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, պարո՛ն Սուրենյանց։
– Ես մշտապես դրոշների այրման մշակույթը չեմ ընդունում, կարծում եմ, որ դա պայքարի արդյունավետ միջոց չէ, բայց չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարիք ուներ դրան անդրադառնալու, որովհետև դա քաղաքացիների բողոքի ձև էր, այսինքն՝ այստեղ պետությունը անելիք չուներ։
Փաշինյանը այս պարզաբանմամբ կրկին փորձեց հաճոյանալ թուրքերին։ Նիկոլ Փաշինյանն այդ նույն տեքստում ավելի վտանգավոր բան է արել․ դատապարտել է Ադրբեջանի կրակոցները Սյունիքի մարզում, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։ Այսինքն՝ դրոշը այրելու ծիսական, ոչ մի հետևանք չունեցող ակցիան նույնացնում է ֆիզիկական ներգործության դրսևորման, ագրեսիայի իրական դրսևորման հետ, սա ընդհանրապես անթույլատրելի է, ապշած եմ ուղղակի նման մտածելակերպից։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















