Գոյության տարածք. Մարինեն

Արցախի Ասկերան քաղաքի բնակիչ Մարինե Գաբրիելյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստան է եկել՝ իր հետ բերելով ժենգյալով հաց թխելու վառարանը և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված եղբոր լուսանկարը: Ծնողների գերեզմանն այնտեղ է, բայց այնքան չի նեղվում, որքան եղբոր համար, որովհետև երբ ուզում է այցելել նրան, չգիտի ուր գնա. Եռաբլուրում է հայտնվում: Մարինեն այժմ ամուսնու և երեք որդիների՝ Հրաչի, Արամի ու Դավիթի հետ սեփական տուն է վարձակալել Մերձավան համայնքում: Տան միակ ջեռակը, որ շրջում է բոլոր սենյակներով, հիմա խոհանոցում է՝ Մարինեն ժենգյալով հաց է թխելու:

– Ես չեմ ուզում դրամատիկ պատմություն պատմել, թե ինչպես վերցրի հենց վառարանը, որովհետև հորինելու բան չկա: Տղաներիս ասացի՝ 60 կգ կշռի թե 100, պիտի տանենք. սա է մեր եկամտի աղբյուրը: Ես այնտեղ ժենգյալով հաց չէի թխում, աշխատում է շինանյութի խանութում որպես վաճառող: 

Կաթնագույն փոքրիկ մեքենան, որ մինչև հիմա ծառայում է իրենց ու կանգնած է բակում, վառարանը տեղ հասցնելու միակ տարբերակն էր, բայց Մարինեն ասում է, որ անհնարին էլ լիներ, պետք է հասցներ այն Հայաստան: 

Մարինեի միջնեկ որդին՝ Արամը, նշում է, որ խնդիրը ոչ միայն վառարանի ծանրությունն էր, այլև՝ տեղափոխման հետ կապված հարցը: Երբ ստիպված ես ընտրություն կատարել ամենաթանկ իրերի միջև, բայց ստիպված վերցնում ես ոչ թե ամենահարազատը, ամենակարևորը, այլ այն, ինչ քեզ գոյատևման համար է պետք: 

– Ես զինտեխնիկայի սիրահար եմ ու տարբեր իրեր ունեի, որոնք շատ կուզեի ինձ հետ վերցնել: Բայց վերցրի միայն զոհված ընկերոջս հարսանիքի տարոսիկը, որովհետև այդ պահին ամենաթանկն ինձ դա թվաց: 

Արամը ընդամենը 18 տարեկան է, բայց երբ վերլուծում էր իրավիճակը, որում հայտնվել են, թվում էր, թե կյանքը չափազանց անարդար է գտնվել նրանց հանդեպ, որովհետև 18-ը պիտի որ, կամ արդար կլինի, որ լինի երազանքների ու ապագայի մասին թեթև մտածելու տարիք, ոչ թե՝ գոյության կռիվ: 

– Որ հարցնում են՝ հըն, տունդ կարոտե՞լ ես, ասում եմ՝ ախր մեր տունը նույնությամբ կարող եմ այստեղ սարքել: Գուցե այն ավելի լավը լինի, բայց տունը միջավայրն է, մարդիկ են, որոնք քո շուրջն են: Այստեղ նյութը չէ, որ առանցքային է, այլ՝ բովանդակությունը: 

Մարինեի ավագ որդին սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, քանի որ ծառայում էր: Հրետակոծությունից մոտ տասը րոպե առաջ էր մոր հետ խոսել ու ասել, որ մի բան կարծես թե այն չէ: Հետո հեռախոսը երկար լռել էր՝ Մարինեին ավելի շատ դնելով անորոշության մեջ: Հրաչը վիրավորում էր ստացել առաջին իսկ օրը ու տեղափոխվել հիվանդանոց: 

– Վիրավորում ստացավ ու փրկվեց, ես այդպես եմ մտածում,- ասում է մայրը: 

Արամը ինձ է մեկնում Արցախի՝ ժամկետանց դոշաբի մի շիշ, որ տարոսիկի հետ որպես հուշ բերել է ու ասում, որ սա հուշանվեր է: Այն կիրառելի չէ, բայց թանկ է իր համար, ու երբ տեսա, որ պահարանում ևս երկու հատ է մնացել, իսկ մեկն ինձ նվիրեց, հասկացա, որ իսկապես շատ թանկ է իր համար: Մարինեն այդ ընթացքում մի մեծ՝ հավանաբար 10-15 կգ կշռող մի տարա է բերում՝ մեջը կտրատած կանաչիներ: 

– Ամենադժվարն ինձ համար խմոր անելն է, մեջքս ցավում է, բայց սա այս պահին մեր միակ եկամտի աղբյուրն է,- ասում է Մարինեն, որ ամեն օր անտրտունջ նվազագույնը 10 կգանոց խմոր է հունցում: 

Բարալիկ խմորագնդիկի վրա շուտով հարմարավետ տեղավորվում են կանաչիները, հետո տաք-տաք վառարանի վրա թխվում ու հալվում բերանի մեջ: Ժենգյալով հացի բոլոր կանաչիներից Հայաստանում կա, բայց շուկաներ կան, որտեղ հասկացել են, որ պահանջարկ շատ կա, ու տիպիկ արցախյան կանաչիները եռակի թանկ են վաճառում: 

Սեպտեմբերի 27-ին Ասկերանից դուրս եկած և երկու օր ճանապարհ կտրած ընտանիքը իր ստեղծածն ու արած-դրածն է թողել Արցախում, իրենց երկհարկանի տունը, որ հյուրատուն էր շատ մարդկանց համար, իրենց անհոգ կյանքը ու կարևոր պլանները, որ կապված էին Արցախի հետ: 

– Որ երազանքներ ես ունենում, հո չե՞ս մտածում, որ մի օր էլ չես ապրելու այդտեղ, որ մի օր քեզնից վերցնելու են ամեն ինչ: Որ մտածեինք, երևի այլընտրանքային երազանք էլ կպահեինք,- ասում է Արամը, որ հիմա եղբոր հետ դեռ մորն է օգնում ժենգյալով հացի առաքման հարցում և մտածում, թե ինչով է ուզում զբաղվել: 

Արամը հիշում է, որ Արցախից դուրս գալու ճանապարհին ինչ ասես չի տեսել: Օրինակ՝ տեսել է, թե ինչպես մի կին ծննդաբերեց խցանված մայրուղու վրա, ինչպես օգնեցին, մի կողմ տեղափոխեցին: Տեսել է, թե ինչպես մի մարդ, անորոշ հայացքով, մոլորված չէր կարողանում մեքենան վարել, որովհետև մայրը կողքին մահացել էր: Մարինեն էլ ուզում էր քնել այդ ճանապարհին, որ ոչինչ ո՛չ տեսներ, ո՛չ լսեր, ո՛չ էլ հիշեր, բայց փոքր տղան՝ Դավիթը, քաղցր էր ուզում ու ողջ ճանապարհին անդադար հարցնում էր, թե երբ են տեղ հասնելու: 

– Ո՜նց մեզ դիմավորեցին Կոռնիձորում, այ դա ուզում եմ միշտ հիշել, որովհետև այդ ջերմությունն ու հոգատարությունը չես կարող նկարագրել: Հարցը կոնֆետները չեն, քեզ կարող են լիքը կոնֆետ ու ուտելիք տալ, բայց չհասկանալ ու չապրումակցել: 

Մարինեն 2020 թվականի պատերազմի ժամանակ Երևանում ժենգյալով հաց թխելու փորձ ուներ, հետևաբար, հաճախորդներ՝ ևս: 2023 թվականի տեղահանության առաջին իսկ օրից թխել է: Հաճախորդներից մեկը զանգել ու խնդրել էր հինգ հատ ժենգյալով հաց պատրաստել, հետո պատմել էր մարդկանց, այսպես տարածվելով՝ հիմա հազվադեպ օրեր են լինում, երբ ժենգյալով հաց թխելու պատվեր չլինի: 

– Ամանորին ինձ զանգեց հաճախորդներիցս մեկն ու հարցրեց, թե Ղարաբաղի փախլավա թխո՞ւմ եմ: Ասացի՝ այո, բայց ջեռոց չունեմ, ինքն էլ հարցրեց՝ իսկ կարելի՞ է ձեզ ջեռոց նվիրել: 

Ջեռոցն արդեն խոհանոցում է, ու այն Մարինեի համար յուրահատուկ նշանակություն ունի, որովհետև դա հոգատարության դրսևորում է: Մարդը իրենից կտրել է, մի կարևոր բան իր համար չի գնել, որ իրեն ջեռոց նվիրի: 

– Անգամ եթե խորը չմտածես, պարզ է, չէ՞, թե որքան բան ենք թողել, որքան ապրումներ ենք ունենում այստեղ, բայց կա՛մ պետք է ոտքի կանգնենք, կա՛մ էլ փոքրանանք ու խեղճանանք: 

Փոքրամարմին Մարինեն բնավ չի փոքրացել իր խնդիրների առաջ, չնայած դրանք իսկապես շատ են: Ամուսինը չի աշխատում, որովհետև առողջական խնդիրներ կան, բայց տղաները մոր թիկունքին կանգնած են: Արամի՝ ողջ զրույցի ընթացքում ներկայությունը հենց դա էր փաստում: Ասես ուզում էր պաշտպանել մորը, որ ամեն բան լավ անցնի, որ եթե մայրը մի բան չհիշի կամ ստույգ չհիշի, օգնի միանգամից: 

Երբ Մարինեի տնից դուրս եկա՝ տաք ժենգյալով հացերը ձեռքիս, մտածեցի, որ անպատմելի դժվար է հասկանալ մարդուն, որ ստիպված է ընտրություն կատարել իր ամենաթանկ իրը տեղահանելիս, ու երբեմն կամ հիմնականում մարդիկ չեն կարողացել հանել ամենաթանկը, այլ ստիպված են եղել չոր որոշում կայացնել՝ ո՞րն է գոյատևման համար պիտանին: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am