Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ունենալու համար. Ժան-Ժակ Դորդեն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդենին, որն Հայաստան է այցելել STARMUS VI փառատոնի շրջանակում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և ջերմությամբ հիշել անցյալ տարի Երևանում տեղի ունեցած իրենց հանդիպումը, երբ ինքը դեռ զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: 

«Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել, և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար:

Ժան-Ժակ Դորդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ հատկապես STARMUS-ի շրջանակում:

«Այս հիանալի փառատոնը կարողանում է մեկ հարկի տակ հավաքել գիտնականների, երաժիշտների և ամբողջ աշխարհից ժամանած շատ մարդկանց: Այդ բացառիկ համախմբումից է ձևավորվում նորարարությունը»,- նշել է նա:

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:

«Այստեղ գտնվելու ընթացքում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ: Համոզված եմ, որ դա կնպաստի Հայաստանի կարողությունների և արտադրողականության մեծացմանը, ինչը, անշուշտ, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Ժան-Ժակ Դորդենը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գիտակրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ: