«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրոնագետ, փիլիսոփա, սոցիոլոգ Վարդան Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, Հովհաննավանքում կարգալույծ արված քահանային պատարագի ժամանակ օգնել է դպիր կամ սարկավագ չհանդիսացող անձը, ըստ նրա, սակայն, դա նորմալ է ու «քահանայի թույլտվությամբ յուրաքանչյուրը կարող է հագնել շապիկ և պատարագի ժամանակ օգնել քահանային»։ Եկեղեցական կանոնների համաձայն այդպե՞ս է, որ դպիր կամ սարկավագ չձեռնադրված անձինք կարող են բարձրանալ խորան ու ինչ-որ գործողություն անել։
– Դա քաղաքական ընթացք է, ու այդ երևույթը պետք է դիտել հենց այդ շրջանակի մեջ։ Եկեղեցին ունի իր օրենքները, ներքին կարգը, եթե կարգալույծ եղած մարդը կարող է անցկացնել ինչ-որ ծիսակարգ, քարոզխոսություն, ապա դա անթույլատրելի երևույթ է, որովհետև նա կարգալույծ եղած է։ Մնացած կամայական հայտարարությունները օդում խոսակցություններ են․ մենք որոշել ենք, որ այսպես է, քաղաքական պայքարի յուրօրինակ ընթացք է։
– Այսինքն՝ չձեռնադրված մարդը եկեղեցում իրավունք չունի՞ ինչ-որ ծառայություններ մատուցել։
– Չէ-չէ, չձեռնադրված մարդը եկեղեցու ներսում ո՞նց կարող է գնալ ու իրականացնել ծառայություն։ Եկեղեցին հենց դրանով է Եկեղեցի, որ ունի իր օրենքները, եթե այդ օրենքների վրայով պետք է անցնի գնա, էլ ինչի՛ մասին է խոսքը։ Այլ հարց է, որ սա քաղաքական խնդիր է․ քաղաքական իշխանությունները մշտապես խնդիր են ունեցել հոգևոր իշխանությունների հետ, դա բոլոր ժամանակներին յուրահատուկ է, որոշ դեպքերում դա դրսևորվել է ավելի մեղմ, որոշ դեպքերում՝ սուր։ Նման բան գոյություն չունի ու չի կարող լինել, դա նույն է, որ ես՝ որպես դասախոս, հավաքվեմ գնամ ու եկեղեցում ինչ-որ բան անեմ, բայց ես դրա ո՛չ իրավունքն ունեմ, ո՛չ էլ ինձ թույլ կտան։
Հստակ դրված է Եկեղեցու անջատումը իշխանություններից, դպրոցից, բուհերից և այլն, ինչը ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, որովհետև ներկայիս աշխարհում կրոնների ազդեցությունն ավելի մեծ է, քան քաղաքական կազմակերպությունների ազդեցությունը, ու գնալով ավելի մեծանում է կրոնական ազդեցությունը, իսկ քաղաքականը՝ թուլանում է։ Քաղաքական իշխանությունները նախկինում էլ ունեին խնդիր կրոնը երկրորդայնացնելու, դա շատ լուրջ ծրագիր էր դեռևս 1982 թվականից։
– Պարո՛ն Խաչատրյան, կան կարծիքներ, որ իշխանությունը հիմա հենց այդ խնդիրն է փորձում լուծել, համակարծի՞ք եք։
– Երեկ ես բանավեճի էի եթերում, որտեղ իշխանության ներկայացուցիչը ուղիղ հայտարարեց, որ սա քաղաքական պայքար է։ Հիմա ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որքանո՛վ է սա քաղաքական պայքար Եկեղեցու համար, որովհետև Եկեղեցին միջազգային կառույց է, իսկ իշխանությունները՝ ժամանակավոր, տեղական, նույնիսկ ժառանգական միապետությունները ինչ-որ ժամանակ անց շիջում են, Եկեղեցին որպես այդպիսին պահպանում է իր գոյությունը արդեն 1700 տարի։ Այն իր մեջ անթեղում է հազար ու մեկ բան, որը հանդիսանում է հասարակության սակրալ, հոգևոր առանցքը, այդ առանցքին դիպչել չի կարելի, որովհետև այն արքետիպային երևույթի է վերածված։ Եթե դու այդ սակրալ արմատին պարսատիկի քարով հարված հասցրեցիր, ապա միգուցե ատոմային ռումբով պատասխան ստանաս։
– Հիմա Վեհափառին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու համար, եթե ընդունենք, որ դա այդպես է, ապա այդ երևույթը ինչպե՞ս է ազդել Եկեղեցու բնականոն աշխատանքների վրա, եկեղեցական կանոնագրքերում այդ պարագայում ի՞նչ կետեր են նշված։
– Եկեք ես կարճ պատասխանեմ․ Եկեղեցին խոր տրադիցիոնալիստական երևույթ է, որպես խոր տրադիցիոնալիստական երևույթ Եկեղեցու հիմնադիրը եղել է ամուսնացյալ, այսինքն՝ Գրիգոր Լուսավորիչը եղել է ամուսնացյալ, դեռ ավելին՝ դրանից ավելի ուշ էլ, մենք գիտենք Սահակ Պարթևին, որը կրկին եղել է ամուսնացյալ, երբ մենք խոսում ենք նրանից, որ Եկեղեցում միայն կուսակրոնության խնդիրը պետք է լինի առանցքային ու ամեն ինչ որոշող, ապա դա չի կարող լինել։
Սա է պատճառը, որ կաթողիկոսության անցման երդումի ժամանակ կուսակրոնության մասին խոսակցությունը չկա։ Դա ինչպե՞ս կարող է լինել, եթե Եկեղեցու հիմնադիրն ամուսնացյալ այր է եղել, որն ունեցել է երկու տղա, երկուսն էլ եղել են հոգևորականներ։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որր հենց այդ կետն է որոշելու ամեն ինչ, մենք ունենք հեթանոսությունից եկող բազմաթիվ օրենքներ, որոնք պահպանվել են «Կանոնագիրք Հայոց»-ի մեջ։ Կուսակրոնության ուխտի խախտումը որպես այդպիսին պետք է դիտվի իբրև մեղք, մեր Եկեղեցու օրենքներով գոյություն ունի ապաշխարանք, մարդն ապաշխարում է 3, 4, 7 տարի, ու ապաշխարանքի գաղտնիքը պետք է մնա Եկեղեցու ներսում, ոչ մեկին չի կարելի ասել դա, ճիշտ այնպես, ինչպես խոստովանանքի գաղտնիքը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















