«Վրացական երազանքից»` Հայաստան. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը` տարածաշրջանում

«Վրացական երազանքից»` Հայաստան.  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը` տարածաշրջանում
«Վրացական երազանքից»` Հայաստան. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը` տարածաշրջանում

Վրաստանում աննախադեպ խորհրդարանական ընտրություններով, երբ ընդդիմությունը փաստացի հաղթանակ տարավ իշխանությունների հանդեպ, շրջադարձային իրավիճակ է ստեղծել ոչ միայն հարեւան երկրում, այլեւ տարածաշրջանում:
Ըստ նախնական արդյունքների, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքը համամասնական ընտրակարգով ստանացել է քվեների 53,11 տոկոսը, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»` 41, 57 տոկոս։
«Կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները որոշակի ազդեցություն կունենան նաեւ տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի վրա:
«Կարելի է ենթադրել, որ որոշ ձեւով Վրաստանում կնվազի Ռուսաստանի հետ լարվածությունը, որը կար Սաակաշվիլիի օրոք, ինչը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի համար: Որոշակի փոփոխություններ կլինեն Ջավախքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ, եւ ինչպես Իվանիշվիլինի նշել է իր ելույթներում, լեզվի ու կրթության առումով այնտեղի հայերի համար նույնպես զարգացումներ կլինեն»,-ասում է Մինասյանը «Մեդիալաբին»:

Նա նշում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում լուրջ քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում.

«Պարզապես Վրաստանում 2 մեծ քաղաքական ուժ էր Իվանիշվիլիի «Վրացական երզանքը» եւ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», ու պայքարն այս առումով շատ լուրջ էր, իսկ մեր խորհրդարնական ընտրություններին, քանի որ երկուսը չէին, պայքարը չէր կրում այդքան լուրջ բնույթ, եւ մեզ մոտ ձեւավորվեց այնպիսի խորհրդարան, ինչպիսին, որ մենք այսօր ունենք»:

Վրաստանում անցկացված խորհրադարանական ընտրությունների կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նա հայտարարել է, որ ընդունում է իր պարտությունը եւ իր կուսակցությունն արդեն ընդդիմություն է:

«Որպես նախագահ` ես կաջակցեմ խորհրդարանին աշխատանքները սկսելու, նոր նախագահ ընտրելու եւ նոր կառավարություն ձեւավորելու գործում», – ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախագահը ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի տեսլականները եւ առաջնայնությունները լրջորեն տարբերվում են կառավարող կուսակցությունից եւ անընդունելի են իր համար: Այդուհանդերձ, ըստ նրա, դա վրաց ժողովրդի որոշումն է, որը պետք է հարգվի։

Չնայած Հայաստանում դեռ շատ վաղ է խոսել ընտրություններում նման շրջադարձերի մասին, երբ գործող իշխանությունները ի վիճակի կլինեն այնքան քաղաքական կամք ու հասունություն դրսեւորել իրենցից բացի ուրիշի հաղթանակը հանդուրժելու համար, այնուամենյանիվ մնում է հուսալ, որ օրերից մի օր էլ կհարգվի «հայ ժողովրդի որոշումը»:

© Medialab.am