«Ոստիկանությունը պետք է սատկացներ էդ գյադեքին, էդ երեխեքն էլ իրենց ներկայացումն անեին պրծնեին». Սերգեյ Դանիելյան

Վերջին շրջանում մշակույթի ոլորտում ցենզուրայի մասին խոսող մարդիկ նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորվող անձինք են, և սխալ է խոսել այն մասին, որ դա հասարակությունը կամ հասարակական կարծիքն է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)։

«Չեմ կարծում, որ հասարակությունն է այդ աղմուկը հանում, դա անգործ, եթիմ մնացած զանգվածն է, որին նախկին իշխանությունը ֆինանսավորում է, որ ուղղակի մի բան գտնեն, ուռճացնեն, սարքեն պատմություն։ Դա հասարակության անմիտ զանգվածն է։ Ես կասեի, որ այդ աղմուկն այդքան լուրջ բան չէ»,- ասաց Սերգեյ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին որոշ շրջանակների կողմից խոսվում է մշակույթում ցենզուրայի անհրաժեշտության մասին այն համատեքստում, որ Հանրապետության հրապարակի մետրոյի տարածքում ցուցադրվեց ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը։ Մի խումբ քաղաքացիներ «սատանիստական» որակեցին ներկայացումը, բողոքի ակցիաներ արեցին՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտոնավարման շրջանում մշակույթում ցենզուրա չի լինելու։

Դերասան Սերգեյ Դանիելյանը ևս կարծում է, որ արվեստում ցենզուրա չպետք է լինի։ «Ղալաթ են անում, ցենզուրայից են խոսում։ Իրենք ո՛ւմ շունն են, որ մեզ ցենզուրա սովորեցնեն։ Մի հատ ընենց ցենզուրա կանենք, որ լեզուները կապ կընկնի»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի զարգացած երկրում արվեստում ցենզուրա չկա։

Թե ինչի՞ հետևանք է հասարակության որոշ շերտի մոտ ձևավորված այս կարծրատիպը հարցին, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց՝ իշխանության թուլության հետևանք է։ «Մոռանո՞ւմ եք, որ ՀՀԿ-ին ձայն տվեց 150 հազարից ավելի մարդ։ Նրանցից մոտ 100 հազարը հաստատ բ.-ի տղա է։ Իսկ 100 հազար նման անձ ունենալը հասարակության մեջ ահագին թիվ է։ Իրենք ամեն պատեհ-անպատեհ առիթով հիշեցնում են, որ իրենք կան։ Թե չէ իրենց ժամանակ ցենզուրայից դուրս բան չի՞ եղել։ Ով կաթոլիկ չէր, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ դարձավ, ով ամբողջ կյանքը պոռնկությամբ է զբաղվել, ցենզուրայից է խոսում»,- ասում է Դանիելյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը թույլ է տալիս, որ նման իրավիճակ է, նման մարդկանց «փշի-փշի» են անում։ «Էդ որ իրենք ըտենց  հույ-բույ արեցին, եկան խունկ ծխեցին, էդ խունկը պիտի առնեին կոխեին իրենց մի տեղը, ու վսյո։ Պետք է շատ լուրջ գործել»,- ասաց նա։ Եվ դա, դերասանի խոսքով, կապ չունի խոսքի ազատության հետ։

«Խոսքի ազատությունն այն չէ, երբ դու քո խոսքով ուրիշի խոսքի ազատության վրա բռնանում ես։ Ես էլ  շատ բան կարող եմ ասել, որ ինձ դուր չի գալիս։ Օրինակ՝ ես չեմ սիրում ռաբիս երաժշտություն, դնենք խո՞ւնկ ծխենք տաքսիների մեջ, էդ մարդկանց գնդակահարե՞նք։ Ես համարում եմ, որ ռաբիսը շատ վատ բան է, իմ հանդեպ բռնություն է, բայց համակերպվում ենք։ Ինչո՞ւ իրենք չեն կարողանում համակերպվել այս թևի հետ։ Այո՛, մարդիկ կան, որ այդպես են արտահայտվում, աշխարհում լիքը նման փողոցային պերֆորմանսներ կան։ Ոստիկանությունը պետք է սատկացներ էդ գյադեքին, էդ երեխեքն էլ իրենց ներկայացումն անեին պրծնեին»,- նշեց նա։

Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախկինում փողոցում ներկայացումներ են եղել, ոչ ոք դրանից հայոց հարց ու քաղաքական հարց չէր սարքել։

«Ես տեսնում եմ, որ ՀՀԿ-ից ու Քոչարյանից մնացածները  բան ու գործ չունեն, ամբողջ օրը սպասում են մի բան լինի՝ սարքեն հայոց հարց»,- ասաց նա։

Նման անձինք, ըստ Սերգեյ Դանիելյանի, իրենց գաղափարներով ու կարծիքներով չեն կարող ինչ-որ արդյունքի հասնել կամ իրավիճակ փոխել երկրում։

«Դա ընդամենը հետաքրքրացնում է մեր կյանքը, այդքան բան։ 21-րդ դարում խոսում են ապուշ բաներից՝ սատանա, Աստված… մարդիկ անգործ են մնացել»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am