Իրավիճակը սուր է․ Վազգեն Մանուկյանն ու իր թիկունքին կանգնած ուժերը մտադիր են փետրվարի 20-ին բողոքի ակցիաները վերածել պետական հեղաշրջման. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց է տվել։ Ինչո՞ւ հիմա, ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Նախ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի հարցազրույցը. փետրվարի 20-ին Արցախյան շարժման հերթական տարեդարձի հետ կապված, գիտեք, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակն իրենց լիդերի՝ Վազգեն Մանուկյանի հետ միասին ներկայացրել են հայտ, որպեսզի ներկայացնեն բողոքի ցույցեր և այդ փուլում գրավեն պետական շենքեր:

Հավանաբար խոսքը կտրուկ գործողությունների մասին է, որոնք այդ պարոնայք պլանավորում են կատարել ամսի 20-ին: Այս հարցազրույցն ուղղված է այդ գործողությունների համար քաղաքական հենարան ստեղծելուն, մեր քաղաքացիների  դրդել, այդ գործողությունների նկատմամբ ձևավորել առնվազն լոյալություն:

Սա է պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը հիմա հանդես եկավ նման հարցազրույցով: Նա հող է նախապատրաստում փետրվար 20-ի բողոքի ակցիաների համար և օժանդակել, որ այդ բողոքի ակցիաները վերածվեն պետական հեղաշրջման:

Համադրելով Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթները՝ կարելի է գալ այդ եզրակացության, որ իրավիճակն իրականում սուր է: Գլխավոր թեզը, որը Սերժ Սարգսյանը ներկայացրեց, մեղադրանքն էր Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս մեր պետության դեմ դավադրության մեջ է գտնվում:

Որ նա չի ճանաչել Արցախի Հանրապետությունը պատերազմի ժամանակ, գաղտնի բանակցություններ է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որին համարել է կառուցողական առաջարկներով հանդես եկող բանակցող կողմ: Սա է այդ հարցազրույցի գլխավոր ուղերձը:

– Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ բանակցել է 5+2 սկզբունքով տարածքները վերադարձնելու շուրջ, մինչդեռ ՀՀԿ-ն տասնյակ տարիներ հայտարարում էր, թե ոչ մի թիզ հող չեն զիջելու: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Հարցազրույցում Սերժ Սարգսյանը միաժամանակ խոստովանել է, որ տարիներ շարունակ ինքը բանակցել է անվտանգության գոտու տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցի շուրջ:

Դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև Արցախյան առաջին պատերազմից հետո կարգավորման դրույթները եղել են երկուսը՝ վերադարձնել Ադրբեջանի անվտանգության գոտու տարածքները և Արցախի կարգավիճակը:

Այդ մասով Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր բացատրությունները, հերքեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունի որևէ քաղաքական համագործակցություն, ինչը ևս շատ կարևոր հանգամանք է այդ խոստովանության մեջ:

Ըստ էության, նա բացեց բանակցային գործընթացի այն փակ հատվածները, որոնք դեռևս առկա են: Բանակցային գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր արդեն հրապարակված են:

Օրինակ՝ դեսպան Կազիմիրովը հրապարակել է 1997, 1998 թվականների Մինսկի խմբի համանախագահների կողմից արված երեք առաջարկների վերջնական ավարտի բերված տեքստերը:

Այդ տեքստերը հրապարակային շրջանառության մեջ են, այդ թվում՝ մեր Ազգային ժողովի կայքում են տեղադրված: Մինչ այդ՝ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափի ձևավորումը, գրագրությունը Մինսկի խմբի նախագահի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, նույնպես հրապարակված է ՄԱԿ-ի կայքում:

Հրապարակված են նաև տեղեկություններ Ռոբերտ Քոչարյանի օրոք Քի Վեսթում ընթացած բանակցություններից, այդ թվում՝ նախատեսվող տարածքային փոխանակման քարտեզները:

2008 թ. Մադրիդյան սկզբունքների սկզբնական տեքստը նույնպես հրապարակվել է լրագրող Թաթուլ Հակոբյանի կողմից:

Այսինքն՝ կան որոշ նյութեր, որոնք հրապարակային են, և կային բաներ, որոնք հրապարակված չէին կամ մասնակի էին հրապարակված: Օրինակ՝ Սամվել Բաբայանը 2016-ին Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ-ի կողմից արվող առաջարկների վերաբերյալ աշխատանքային փաստաթղթերը ցուցադրել է այն մարդկանց շրջանակին, որոնք հետաքրքրված էին այդ հարցով:

Հավանաբար հիշում եք, որ ես և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը 2020-ին հանդիպել ենք Սամվել Բաբայանի հետ և ծանոթացել ենք այդ փաստաթղթերին: Այսինքն՝ այսօր արդիական հարց է հրապարակել ողջ բանակցային գործընթացին վերաբերող նյութերը:

– Փաշինյա՞նը պետք է հրապարակի։ Պետք է պատասխանի՞ Սարգսյանին։

– Եթե Նիկոլ Փաշինյանը դա չանի մոտակա ժամանակում, դա կնշանակի, որ ինքը, ըստ էության, ընդունում է Սերժ Սարգսյանի արված մեկնաբանությունները և դրանով աջակցում է, սատարում է փետրվարի 20-ին սպասվող գործողություններին:

Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսի մտադրություններ չունի, ապա ինքն ազատ է հրապարակելու Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացում մինչև 2020-ի սեպտեմբեր արված բոլոր առաջարկները, բոլոր նյութերը:

Սա է միակ գործող նշանը, որով կարող են կանխվել ամսի 20-ի հնարավոր բողոքի ակցիաների լայն դրսևորումները: Եկել է այդ ժամանակը, Սերժ Սարգսյանը բացել է Պանդորայի արկղը, և գնդակը գտնվում է Նիկոլ Փաշինյանի դաշտում:

Այդ հարցին արձագանքը կհաստատի կամ կհերքի Սերժ Սարգսյանի բերված թեզը, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պրոյեկտը չէ, երբ ինքը 2018-ի ապրիլին իշխանությունը փոխանցել էր Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղեց Կարեն Կարապետյանի ուղղությամբ, կարծում եք՝ 2018-ին տեղի ունեցածի մեղքը Կարեն Կարապետյանի վրա գցելու միտո՞ւմ կար: 

– Բնականաբար, ընդ որում, ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլև նրա թիկունքում կանգնած Ռոբերտ Քոչարյանի վրա: Այդ միտումը կա, և այս հարցում Նիկոլ Փաշինյանի արձագանքը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե ո՛րն է ճիշտ, որը՝ սխալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների մեջ:

Իմ տպավորությունն այն է, որ հանրության բավականին լայն շերտերը չեն հավատում Սերժ Սարգսյանի պնդմանը, թե ինքը իշխանությունը հանձնել էր Կարեն Կարապետյանին, իսկ Կարեն Կարապետյանը, փաստորեն, չկարողացավ իշխանությունը պահել ու զիջեց Նիկոլ Փաշինյանին:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի արած խոստովանություններին, որոնք հակասության մեջ են ՀՀԿ-ի՝ տարիներ շարունակ իրականացվող քարոզչական արշավի դրույթների հետ, ըստ որի Սերժ Սարգսյանի «ոչ մի թիզ հողական» է, մտադիր չէ անվտանգության տարածքներն Ադրբեջանին հանձնելու, ապա կարևոր հարցը ոչ թե այդ հակասությունն է, որն ակնհայտ է, որ առկա է, այլ ինչո՛ւ է դա արվել:

Սա այն գինն էր, որը Սերժ Սարգսյանը պետք է վճարեր, որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի մեղադրանք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին:

Եթե Սերժ Սարգսյանը չխոստովաներ նախկին բանակցային գործընթացի բովանդակության մասին, առհասարակ չէր ընկալվի հանրության կողմից:

Այդ քայլով Սերժ Սարգսյանը փորձում է նաև Նիկոլ Փաշինյանին կաշկանդել և նրա հնարավոր հետադարձ քննադատությունը կանխել նրանով, որ, այո՛, ինքը համարձակ բացահայտում է, որ այս ողջ տարիների ընթացքում Մադրիդյան սկզբունքների տարբեր նախագծեր պարունակել են այդ անվտանգության գոտու տարածքների վերադարձը, ինչը մեր հանրության համար նորություն չէր:

Այս ամենը վկայում է այն մասին, որ քաղաքական իրավիճակն իսկապես սուր է: Վազգեն Մանուկյանն ու իր թիկունքին կանգնած ուժերը մտադիր են փետրվարի 20-ն օգտագործել իրենց համար որպես առիթ՝ բողոքի ակցիաները վերածել պետական հեղաշրջման:

Եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ սպասարկել այդ գործընթացը և որոշում չի կայացրել իր մեջ Վազգեն Մանուկյանին հանձնել իշխանությունը, ապա մենք պետք է ականատես լինենք կտրուկ պատասխանների, կտրուկ գործողությունների:

Այստեղ ամենաազնիվ ճանապարհը ոչ թե Սերժ Սարգսյանի մեկնաբանությունների դեմ սեփական մեկնաբանություններ ներկայացնելն է, այլ սկզբնական փաստաթղթերի հրապարակումը:

Դրանից հետո յուրաքանչյուրը կկարողանա իր սեփական դատողություններն անել, թե որ գործիքն ինչ դերակատարություն է ունեցել բանակցային գործընթացում:

Մանե Հարությունյան

MediaLab.am