Իշխանական պատվիրակությունը կքննարկի ընդդիմության հետ երկխոսությունը վերսկսելու հարցը

Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձևավորված կոալիցիոն աշխատանքային խումբն այսօր, ժամը 18:00-ին կքննարկի ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այդ մասին հայտարարել է աշխատանքային խմբի ՀՀկ-ական անդամ Գագիկ Մինասնանը: Ըստ Մինասյանի, աշխատանքային խմբի անդամները իրավասու են պատասխանել Կոնգրեսին` անկախ այն հանգամանքից, որ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ անդամ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չեն՝ գործուղված են ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:

Գագիկ Մինասյանը չցանկացավ կանխորոշել քննարկման արդյունքը` նշելով, որ հարցը կքննարկվի բոլոր կողմերից, կդիտարկվի նպատակահարմարությունը` կախված որոշ գործոններից` ընթացող հանրահավաքներից, երկխոսության առկախման բնույթից:

«Համակողմանի քննարկում կլինի, և կգանք հավասարակշիռ որոշման»,- ասել է Մինասյանը:

Նա նաեւ նշել է, որ հարցը ՀՀԿ-ի ներսում չի քննարկվել եւ որ ընդդիմությանը պատասխանելու համար լիազորված է կոալիցիոն աշխատանքային խումբը:

© Medialab.am