«Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները». Տրագիկոմեդիա կանգառում. «Ալամեզոն» Բլոգ

«Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները». Տրագիկոմեդիա կանգառում. «Ալամեզոն» Բլոգ
«Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները». Տրագիկոմեդիա կանգառում. «Ալամեզոն» Բլոգ

Կանգառում սպասում եմ, ես եմ ու երկու ֆրանսիացի տատիկներ: Մոտեցավ երրորդ տատիկը ու սկսեց ֆրանսերեն բառեր կմկմալ:

Նայեցի աչքերին. տենց հայացք մենակ հայերն ունեն… Ասում եմ.

– Տա´տ ջան, ես հայ եմ:

Տատն սկսեց լացել ու մի շարան սկսեց.

– Վա՜յ, բալա´ ջան, վա՜յ, արևիդ մեռնեմ, վա՜յ, քեզ Աստված ա ինձ ուղարկել, էս ի՜նչ լավ եղավ, առավոտից տանջվում ու տանջվում եմ, է՜,- մի քիչ շունչ քաշեց ու.-

– վա՜յ, թաղեմ դրանց, վա՜յ, էս ի՜նչ շան լեզու ունեն, մարդ լա´լ ա, է՜, լա´լ: Հյուրանոց են ինձ ուղարկել, որ գիշերը դուրսը չմնամ, թաղեմ դրանց, հոթել ա անունը, ինչ գրող ու ցավ ա, չեմ գտնում, ա´յ բալա:

– Տա´տ, ո՞ր փողոցում ա:

– Տո շատ գիտեմ, է՜: 

– Բա ո՞նց օգնեմ քեզ, ախր: 

– Անունը Հոթել ա: 

– Թուղթ չե՞ն տվել:

– Տվել են, հլը նայի: 

Նայում եմ, հեռախոսով փնտրում եմ: 

Կողքից` ֆրանսիացի տատը.

-Ներեցե´ք, ի՞նչ լեզվով եք խոսում:

Հայ տատը. 

-Ա´յ կնիկ, հլը սպասի´, դրա ժամանակը չի, բալե´ս, էդ հոթելը ո՞ւր ա:

– Ա´յ տատ, մի կանգառ ներքև ա:

– Իմ համար իմ երկրում ապրում էի, էս ինչ գրողը բերեցին ինձ էդ ջահելները, ես չեմ կարա գտնեմ էդ տեղը:

– Մի´ նեղվի, կգտնենք: Հենա` ավտոբուսը էկավ…

Բարձրացանք, վարորդը ջահել արաբ տղա էր, տատին որ տեսավ, մղկտաց, ինձ ասում ա. 

– Ա´յ քուր, ինձ փրկի´: Առավոտ 7-ից էս կնոջը 20 անգամ տարել-բերել եմ: Ո՞ւր ա ուզում գնա:

Տատը` կողքից. 

-Էս տնաշենին բացատրում եմ, բացատրում, չի´ հասկանում:

– Ա´յ տատ ջան, ախր, հայերեն ես ասում, ո՞նց հասկանա: 

– Ա´յ քուր, էդ ի՞նչ լեզու ա: Ինձ ասումա` Լիդլ խանութ, կանգնում եմ էդ կանգառը, ու չի իջնում ու լացում ա…

Մինչև բոլորին հանգստացրեցի, հասանք կանգառ, հոթելը հենց դիմացը… ցույց տվեցինք, տատն ավտոբուսից դուրս թռավ , հետո հիշեց, թեքվեց, արդեն դրսից բղավեց. 

– Ապրի՜ արևդ, բալե՜ ս:

 Հետո թեքվեց վարորդին ու լրիվ հայկական ակցենտով.

– Մերսի՜, մերսի՜…

Վարորդը.

– Հազիվ մի ֆրանսերեն բառ ասեց: 

Ասում եմ.

-Էդ ֆրանսերեն չէր, հայերեն էր, մենք էլ ենք մերսի ասում…

Լուսանկարը՝ newgeneration.am

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog