Ռոբերտ Քոչարյանը, Միհրան Պողոսյանն ու ԼՀԿ-ն դատի են տվել ԿԸՀ-ին․ Factor.am

ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանը Վարչական դատարանում բողոքարկել է ԿԸՀ-ի որոշումը, համաձայն որի՝ չի կարողանա մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, գրում է Factor.am-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի նիստում Միհրան Պողոսյանի գրանցումը ճանաչել էր անվավեր։ Պատճառը՝ Պողոսյանի վերջին չորս տարիներին երկրում մշտապես չբնակվելն է։ Նախկին պաշտոնյայի հայցը կքննվի հինգ դատավորների կազմով։ Նիստի օրը դեռ հայտնի չէ։

Ռոբերտ Քոչարյանը ևս ԿԸՀ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։ Այն կքննվի այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 15:30-ին, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ։ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են ԿԸՀ-ի որոշումը, որով նախընտրական քարոզչության հետ ասոցացվող էր ճանաչվել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը:

Համանման հայցով դատարան է դիմել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Նրանց հայցը կքննի դատավոր Մերի Համբարձումյանը, նիստի օրը դեռ նշանակված չէ։ Հայցադիմումում նշված է, որ ԼՀԿ-ն դատարանից պահանջում է միջամտող վարչական ակտ հանդիսացող՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 31.05.2021թ. կայացված «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Էդմոն Մարուքյանի լուսանկարով և «Լուսավոր Հայաստան կուսակցություն» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» թիվ 110-Ա որոշումն ամբողջությամբ վերացնել։

ԿԸՀ որոշումների դեմ Վարչական դատարան է դիմել նաև «5165 ազգային պահպանողական շարժում կուսակցությունը», նրանց հայցը, սակայն, դատարանը վերադարձրել է։