Արցախի ԱԺ-ն հաստատել է 2021-ի բյուջեն և ընտրել գլխավոր դատախազին

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: Խորհրդարանը շարունակել է քննարկել «Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:  

Պետնախարար – ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ պատգամավորների կողմից կառավարությանն է ներկայացվել 19 առաջարկ: Մարտիրոսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները և պետական բյուջեի վերջնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2021-ի եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0 մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3 մլն դրամ: 

Նախագծի քննարկումը եզրափակել է խորհրդարանի ղեկավարը: Արթուր Թովմասյանը հիշեցրել է, որ 11 նոր ծրագրեր են նախատեսվում այս բյուջեով, դրանց իրագործմամբ հետպատերազմյան մի շարք խնդիրների լուծում կտրվի: Նախագիծը քվեարկության դրվեց. 25՝ կողմ, 8՝ դեմ ձայների հարաբերակցությամբ 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը ընդունվեց: 

Արցախի խորհրդարանը քննարկել է նաև գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը: Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների  մասին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ գործ ենք ունենալու անձնուրաց, սկզբունքային, արհեստավարժ և հմուտ պաշտոնյայի հետ:

Նախագահի լիազորված ներկայացուցիչը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Գուրգեն Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները:  

Թեկնածության քննարկումից հետո խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ՝ 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գուրգեն Ներսիսյանին ընտրել է գլխավոր դատախազի պաշտոնում: