Ապօրինի որդեգրումների հետ հաշտ ապրելու ժամանակներ

Վաղուց, բայց ավելի հաճախ՝ 2019-ից խոսվում է ապօրինի որդեգրումների մասին։ Ամեն անգամ, ինչպես առաջին անգամ լսում, կարդում ու դիտում ենք մարդկային սարսափեցնող պատմություններ և անցնում առաջ։ 

Օրեր առաջ «Ազատության» տեսանյութերից մեկը հենց այդպիսի մարդկային պատմություն էր։ Ալավերդցի մի կին պատահաբար պարզել է, որ իր երկվորյակ աղջիկներից մեկը, որից ստիպել են հրաժարվել, չի մահացել, ավելին՝ գրանցված է իր տան հասցեում։ Երեխան որդեգրված է, իսկ որդեգրումը՝ ապօրինի. առկա չի եղել կենսաբանական ծնողների իրազեկ համաձայնությունը։ 

Իսկ թե ի՛նչ են անում որոշում կայացնողներն ապօրինի որդեգրումներն այսօր բացառելու, նախընտրում են լռել՝ «քրեական գործ կա»։ 

Իսկ այդ խոսակցությունները տարբեր սենյակների պատերից դուրս եկան դեռևս 2015 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանում էր Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն։ 

Հատուկ զեկուցողն այցի ավարտին իր մանդատին ոչ բնորոշ ուղղախոսությամբ նշում էր, որ որդեգրման գործընթացում կատարվող իրավախախտումները, ներառյալ որդեգրման միջոցով երեխաների վաճառքի դեպքերը, շարունակում են մնալ երկրում հիմնական մտահոգությունը։

Այցի մասին զեկույցում կային բազմաթիվ մանրամասներ, որոնք զեկուցողը հասկացել ու արձանագրել էր կարճ ժամանակահատվածում, այդ թվում՝ տարբեր պետական կառույցների վիճակագրական տվյալների անհամապատասխանությունը։ 

Այդ տվյալների միջոցով էր հնարավոր լինում շփոթեցնել նրանց, ովքեր իրականում ցանկանում են հասկանալ խնդիրները։ 

Հիմնական տեղեկատվական համակարգը, որի միջոցով հավաքվում են որդեգրումների վերաբերյալ տվյալները, բարեփոխվում էր միջազգային կազմակերպություններից մեկի միջոցներով։ Շաբաթներ առաջ այդ բարեփոխումը ևս կասեցվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ այլ առաջնահերթություններ ունենալու պատճառաբանությամբ։ 

Մինչև 2019-ը չէր արվել որևէ քայլ՝ առնվազն հասկանալու, թե քանի՛ երեխա է որդեգրվել Հայաստանից դուրս անկախացումից ի վեր։ 2019-ի օգոստոսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակն այդ հարցի պատասխանը պարզելն էր։ Խումբն իր ազդեցությունը կորցրեց ժամանակի ընթացքում։ Իսկ այդ թիվը մինչ օրս մնում է անհայտ։ 

Հատուկ զեկուցողը Կառավարությանը հորդորել էր ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ՝ սահմանված գործընթացների և պետության միջոցով չարվող որդեգրումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար: 

Դա ևս բնականաբար չէր արվել, իսկ 2019-ից հետո նման մեխանիզմ ունենալու բոլոր փորձերը ձախողվեցին՝ որոշ փորձեր՝ չմեկնարկած, որոշ փորձեր՝ ժամանակի ընթացքում։ Լավագույն տարբերակը՝ անցումային արդարադատության գործիքներով այս հարցն ուսումնասիրելը, աջակցություն չստացավ քաղաքական մակարդակում։ Թեև սա Հայաստանի պատմության՝ մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումներից էր, եթե ոչ՝ ամենազանգվածայինը։ 

Անցյալին անդրադառնալու վախերը, որ գուցե միջազգային սկանդալից խուսափելու պատճառով են, հասկանալի են, բայց ոչ ազնիվ տրված խոստումների համեմատ ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր տուժել են պետության պատճառով։ 

Իսկ թե ինչո՛ւ որդեգրման համակարգը բարեփոխող օրենսդրական նախաձեռնությունները մնացին դարակներում, իսկ երեխաների պաշտպանության համակարգ վերադարձավ ապօրինի որդեգրումների հետ հաշտ ապրելու ավանդույթը, և՛ անհասկանալի է, և՛ անազնիվ։ 

Բարդ է ընդունելը, որ ծնողից երեխային բաժանելու բոլոր ռիսկերն առկա են, ապօրինի որդեգրումներ թույլ տված մեխանիզմները շարունակում են գործել, բայց խնդիրը չկա, որովհետև «քրեական գործ է հարուցվել», «ասվել է՝ սպասեք»։

Մուշեղ Հովսեփյան

MediaLab.am