Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն: