Տավուշի մարզպետանարանը հուլիսի 16-ին քննարկումներ է ունեցել Կառավարության հետ և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգնման աշխատանքով։ Այն բնակարանների փոխարեն, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը։ Ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը»,- ասաց Չոբանյանը։