Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդներից մեկը կորոնավիրուսից մահացել է. նախարարի ահազանգը

Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող: Ցավոք, նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ասաց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով, բայց, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է:

«Այս դեպքը մեզ համար ահազանգ է, որ բոլորս առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք»,-նշեց նախարարը:

Ավանեսյանի ներկայացրած տվյալների համաձայն, այս պահին ծավալված մոտ 1600 մահճակալ կա, որոնցից 1400-ը զբաղված են: «Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի: Այս պահին մենք իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում, հերթ չկա, հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ»,-ասաց նա: