«Հնարավոր չէ սահմանից մինչև սպառող գազի կալորիականությունն ընկնի». Փոխնախարարը ընդունում է, որ «խնդիր կա»

«Հնարավոր չէ սահմանից մինչև սպառող գազի կալորիականությունն ընկնի». Փոխնախարարը ընդունում է, որ «խնդիր կա»
«Հնարավոր չէ սահմանից մինչև սպառող գազի կալորիականությունն ընկնի». Փոխնախարարը ընդունում է, որ «խնդիր կա»

Կառավարությանը մտահոգում են գազի ցածր կալորիականության վերաբերյալ վերջին շրջանում բնակչությունից ստացվող բողոքները: Գազի որակը ստուգելու համար գործադիրն այսօրվա նիստում որոշեց հանձնաժողով ստեղծել:

Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում կընդգրկվեն գիտնականներ, Հանրային խորհրդի անդամներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի ստեղծման առաջարկությունը վարչապետ Տիգրան Սարգսյանին արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Երբ վարչապետը նրանից հետաքրքվեց, թե ինչպե՞ս կարելի է հանրությանը գազի որակի վերաբերյալ մասնագիտական մատչելի բացատրություններ  ներկայացնել, Նազարյանն առաջարկեց հանձնաժողով ստեղծել:

Վարչապետն ասաց, որ մտահոգիչ են հանրության կողմից ստացվող բողոքները, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

«Պետք է հասկանանք՝ ի՞նչ կարող ենք անել, որ վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա»,- վարչապետին ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս վերջին ժամանակահատվածում բողոքներ է ստանում գազի որակի հետ կապված: Անկախ լաբորատորիա ստեղծելու համար, Ռոբերտ Նազարյանի խոսքով, 25-60 հազար դոլար է անհրաժեշտ:

Մասնագետներն, ըստ վարչապետի, կառավարություն ներկայացրել են եզրակացություն այն մասին, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնար է:

Այնինչ բնակչությունը, վարչապետի խոսքով, բողոքում է, թե գազին ազոտ են խառնում:

Կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանից հետաքրքվեցին՝ գազին ազոտ խառնում են, թե՞ ոչ:

Փոխանխարարը նշեց, որ նման մեթոդի մասին տեղյակ չէ, առաջին անգամ վարչապետից լսեց:

«Մենք էլ ենք ընդունում, որ խնդիր կա, սաղ ժողովուրդն է գտնում, որ խնդիր կա, դուք կարծում եք, որ ես այդպես չե՞մ գտնում, իհարկե, գտնում եմ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գազի որակի հետ կապված խնդիր կա, բայց թե դա ինչ խնդիր է, պետք է պարզել:

Նա նշեց, որ մասնագետներից բաղկացած հանձնաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները, հանձնաժողովում կընդգրկվեն շահագրիգիռ բոլոր կողմերը:

Շահվերդյանը նշեց, որ Հայաստանի խոշոր ձեռնարկություններից չորսն ունեն սեփական լաբորատորիաները, պարբերաբար գազի որակն ստուգում են, կալորիականության խնդիր այսօր չեն բարձրացնում: Իսկ թե ինչո՞ւ է այս փուլում սրվել գազի որակի հարցը, ըստ փոխնախարարի, պետք է այդ հարցի պատասխանը տա ստեղծվելիք հանձնաժողովը: Նա բացառեց, որ գազի կալորիականությունը հնարավոր է նվազեցնել:

«Ճանապարհի կեսից գազի միջից կալորիան չի կարելի հանել: Կարելի է գազը գողանալ, ծավալը տանել, բայց միջի կալորիան հանել չի կարելի: Ես կարծում եմ՝ հնարավոր չէ սահմանից մինչև սպառող գազի կալորիականությունն ընկնի»,- ասաց նա:

© Medialab.am