Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։ 

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։ 

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։