«Եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ»․ Դավիթ Գրիգորյանը խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ

«Էլ առաջվա ժպտերես Լյուդան չեմ, կյանքս կոտրվել ա, անիմաստ դարձել, ոնց որ կեսս չլինի, բայց եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ, ոնց որ հլը սպասեմ, որ ինքը գալու ա»,- ասում է 20-ամյա որդուն պատերազմում կորցրած 54-ամյա Լյուդմիլա Հարությունյանը:

Դավիթ Գրիգորյանը տան փոքր որդին էր, մայրն ասում է՝ յուրահատուկ էր ամեն ինչով՝ և՛ բնավորությամբ, և՛ խելքով։

Դավիթը 12 տարի դպրոցում գերազանց է սովորել, այնուհետև ընդունվել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին։ 5 ամիս համալսարանում սովորելուց հետո զորակոչվել է բանակ, ժամկետային ծառայության անցել Հադրութում։ 

Դավիթը տիրապետել է ֆագոտ զենքին, ավագ սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, դիրքի ավագ։ 

3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնալ, սակայն սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և Դավիթը զոհվել է առաջնագծում հայրենիքը պաշտպանելիս։

Դավիթը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին, որից հետո ոչ մի զանգ այլևս չեն ստացել:

«Ինքը օր ու մեջ զանգում էր, էդ մի օրը՝ ամսի 9-ին, ես չէի սպասում զանգին, բայց ամսի 10-ին որ չզանգեց, սկսեցինք անհանգստանալ։ Բուժքույր եմ, ամսի 11-ին գործի էի եկել ամեն օրվա պես ինձ հարցրեցին՝ Դավիթը զանգե՞լ ա, ասեցի՝ չէ, երեկ պիտի զանգեր, չի զանգել: Զգացի, որ աշխատողները սովորականից ավելի ուշադիր էին իմ նկատմամբ, հետո քույրիկներս էին միշտ զանգում, հարցնում Դավիթից, չզանգեցին… էդ օրը ոչ ոք ինձ չզանգեց, ես սկսեցի զանգել, չպատասխանեցին… Իրանք արդեն իմացել էին, բայց ինձ չէին կարողանում ասել»,- հուզվում է Լյուդմիլան: 

Մայրը, հիշելով ծանր օրը, պատմում է, որ սիրտն արդեն զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որոշում է տուն գնալ, բուժանձնակազմը ուղեկցում է նրան և ասում, որ որդին վիրավոր է:

«Մեր գլխավոր բժիշկը մոտեցել էր կոլեկտիվիս, հարցրել՝ ո՞նց եք պատրաստում Լյուդային, տո՞ւն եք տանում, Դավիթին բերել են մորգ, բայց ինձ ոչ մեկը չէր կարում բան ասի, գցում են իրար վրա, ոչ մեկի դուխը չի հերիքում։ 

Ես գնացի, շորերս հագա, աղջիկներն ասեցին՝ ո՞ւր ես գնում, ասեցի՝ տուն եմ գնում, զանգերիս ոչ մեկը չի պատասխանում, հաստատ Դավիթիս հետ մի բան էն չի։

Ինձ կանգնացրին, հետևիցս ամբողջ բաժինը վազեց, շտապօգնության մեքենան վերցրին, ինձ տուն բերեցին, ասեցին՝ մի խառնվի, բան չի եղել, Դավիթին վիրահատում են… Բայց որ հասա տուն, քույրիկներս լացելով տուն մտան, հասկացա, որ Դավիթիս բան ա եղել»,- հուզմունքով հիշում է Լյուդմիլան։

Դավիթ Գրիգորյանը հակառակորդի դեմ կռվելիս խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ, այլ հրետանային միջոցներ։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով։

Դավիթը բնավորությամբ հանգիստ էր, հանդուրժող ու կամեցող՝ ասում է Լյուդմիլան։

«Պատմում են, որ եթե մեկը հանկարծ ուզում էր նորեկ զինվորներին նեղացներ, Դավիթին դուր չէր գալիս, ու քանի որ բոլորը հարգում էին Դավիթին, եթե մի բան նրան դուր չէր գալիս, ուրեմն իրենք էլ չպետք ա զինվորին նեղացնեին»,- պատմում է մայրը։

Դավիթը, բացի ծրագրավորումից, հետաքրքրվել է նաև սպորտով, մայրն ասում է՝ տղան շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, կարատեի է հաճախել, մասնակցել է նաև վոլեյբոլի, բասկետբոլի մրցումների։

Լյուդմիլան ասում է՝ որդու հետ անբացատրելի կապվածություն ուներ։ Դավիթը շատ է սիրել մորն ու միշտ կրկնել, որ առանց մոր չի կարող ապրել։

«Ինձ անընդհատ ասում էր՝ գանձս, իսկ փոքր ժամանակ ասում էր՝ մեռնեմ ջանիդ: Ասում էի՝ Դավի՛թ ջան, ինչի՞ ես ասում՝ մեռնեմ ջանիդ, թող ես մեռնեմ քո ջանին, ասում էր՝ վայ, չէ՛, չասես, գա՛նձս, որ քեզ մի բան լինի, ես կխելագարվեմ, ես չեմ կարողանա առանց քեզ ապրեմ։

Լյուդմիլան որդու՝ Դավիթի հետ

Մի օր թեթև հիվանդացել էի, չոքեց անկողնու մոտ՝ գա՛նձս, դու պիտի շուտ ոտի ելնես, դու որ հիվանդանաս, քեզ մի բան լինի, ես չեմ ապրի։ Ինքը յուրահատուկ ծնողասեր տղա էր։ Թե՞ փոքրն էր, ես կապվեցի իրա հետ, ինքն ինձ իրա հետ կապեց՝ չգիտեմ։ Գերուշադիր էր, բանակից առաքող կճարեր, ծնունդիս, մարտի 8-ի ինձ ծաղիկներ կուղարկեր։ Իմ գաղտնարանն էր, իմ ամբողջ գաղտնիքը իրա հետ էի կիսվում»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրը։

Որդու կորստյան հետ Լյուդմիլան չի կարողանում ոչ մի կերպ համակերպվել։ Ասում է՝ հույսով ապրում է, թվում է, թե Դավիթը շուտով տուն կմտնի։ «Ես իրա պահարանը բացում եմ, նենց ա շորերը վիշիլկաներով դասավորել, որ խորանում եմ՝ ո՞նց պիտի Դավիթս էդ շորերը չհագնի, վայ, չէ՛, Դավիթս գալու ա։ Ես ինձ հույս տալով ապրում եմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am