Դավիթ Մանվելի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Մանվելի Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Դավիթը դեռ մանկուց աչքի է ընկել իր ազնվությամբ, հայրենասիրությամբ և ապագայի նկատմամբ անսպառ ծրագրերով: Խելացի, իր տարիքի համեմատ բավական հասուն. այսպես են բոլորը միաձայն բնութագրում Դավիթին, իսկ նրա գործած սխրանքները խոսում են ամեն ինչից առավել: Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Դավիթը ոչնչացրել է թշնամու 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 1 ՏՕՍ համակարգ: Այս թվերը չեն մատնանշում միայն հակառակորդի բանակին հասցված վնասը: Ավելին, նրանք մեզ ցույց են տալիս այն հարյուրավոր կյանքերը, որոնք փրկվել են Դավիթի սխրանքների շնորհիվ: Ավագ սերժանտ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին թշնամու հարվածից:

Մեդալները հերոսի հարազատներին հանձնելու արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, N զորամասի ՀՏՄ հրամանատար, լեյտենանտ Էդվին Բալայանը: Ներկաները շնորհակալություն հայտնեցին Դավիթի հարազատներին՝ հայրենասիրության անկոտրում ոգով իրենց որդուն դաստիարակելու համար, ով իր կյանքի գնով ամբողջ աշխարհին ի ցույց դրեց հայրենասիրության և անհավանական խիզախության վառ օրինակ: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շեշտելով երիտասարդների սխրագործությունները, նշեց, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան՝ երբեք չմոռանալով այն գինը, որը ստիպված ենք եղել վճարել այդ խաղաղության համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանը: