«Մանկական աշխարհի» առկախված ապագան․ ում է պատկանում լեգենդար շենքը․ FIP.am

Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում գտնվող հայտնի «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքն արդեն երկար տարիներ է, ինչ կիսադատարկ է և չի օգտագործվում։ Ներկայում տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել, նախատեսվում է շենքն օգտագործել առևտրային խոշոր կենտրոն հիմնելու նպատակով։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս շենքի օտարման պատմությունը, ինչպես նաև շենքի հետ կապված առաջիկա պլանները։

«Մանկական աշխարհ» հանրախանութն ընդգրկված է Երևանի պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում։ Շենքի հիմնման աշխատանքները մեկնարկել են 1935 թվականին և ավարտվել երկու տարի անց՝ ճարտարապետներ Արսեն Ահարոնյանի, Միքայել Մազմանյանի, Հովհաննես Մարգարյանի ու Գևորգ Քոչարի գլխավորությամբ։

Սկզբից շենքն օգտագործվել է որպես քաղաքային հանրախանութ, իսկ 80-ականների սկզբից որպես մանկական հանրախանութ՝ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկ, երկրորդ հարկում գործել է սրճարան, եղել են սպասքի և ձայնասկավառակների վաճառքի կետեր։ 

Այդ ժամանակ հանրախանութի տարածքն ընդլայնվել է։ 2001-2002 թվականներին շենքի արտաքին հատվածը վերակառուցվել է։ Ավելացվել է չորրորդ հարկը, նաև՝ բրգաձև կառույց՝ Երևանի քաղաքաշինական խորհրդի համաձայնությամբ։ Շենքի արտաքին տեսքի այս փոփոխությունները, սակայն, միանշանակ չեն ընդունվել։ «Մանկական աշխարհի» շենքը վերակառուցումից հետո այլևս որևէ նպատակի մինչ այս պահը չի ծառայել, միայն շենքի առաջին հարկում որոշ տարածքներ են վարձակալության հանձնված։ 

«Մանկական աշխարհում» երկու անգամ հրդեհ է բռնկվել՝ 1956 և 1995 թվականներին։ Վերջինի ժամանակ գրեթե ամբողջությամբ հրդեհվել էին երրորդ հարկն ու վերնահարկը։ 

«Մանկական հանրախանութը»՝ Արա Աբրահամյանի սեփականություն

Շենքը անկախությունից ի վեր՝ մինչև 2000-2001 թվականները, ըստ կադաստրային գործի, հանդիսացել է համայնքային սեփականություն՝ նախ եղել է Երևանի քաղաքապետարանի հողի և ունեցվածքի գործառնությունների պետական փակ բաժնետիրական ընկերության բալանսում (ՊՓԲԸ)՝ քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն, ապա 2001 թվականին սեփականության իրավունքով ու նվիրատվության պայմանագրի հիման վրա ՊՓԲԸ-ից անցել է Կենտրոնի թաղապետարանին։

2001 թ. մարտին կառավարության որոշմամբ ստեղծվել է Արամի 32 հասցեում գտնվող շենքի բաց դասական աճուրդով օտարման հանձնաժողով։ Կադաստրային այս տվյալներից պարզ է դառնում, որ շենքի առաջին հարկն ու նկուղային հարկի մի հատվածը՝ շուրջ 970 քառակուսի մետր մակերեսով տարածք, սեփականության իրավունքով զբաղեցնում է «Սանեմրա» ՍՊԸ-ն։ 

«Սանեմրան» հիմնվել է 1999 թվականին, ընկերության բաժնետերը Արմեն Սահակյանն էր։ «Սանեմրան» այս հատվածում շահագործում էր հայտնի «Մարկո Պոլո» սրճարանը։ Արմեն Սահակյանը 2020 թվականին սպանվեց Լոս-Անջելեսում՝ երկու մեքսիկացիների կողմից, իսկ կինն էլ հրազենային վիրավորում ստացավ։ Ներկայում «Սանեմրայի» բաժնետերերը Սահակյանի ընտանիքի անդամներն են։ Արմեն Սահակյանին էր պատկանում նաև Երևանում հայտնի «Նոյան տապան» գրախանութը։ 

Վերադառնալով աճուրդին՝ նշենք, որ աճուրդային փաստաթղթեր «Մանկական աշխարհի» կադաստրային գործում առկա չեն։ Այնուհանդերձ, «Առավոտ» օրաթերթի արխիվից պարզ է դառնում, որ հանրախանութի մեկնարկային գինը եղել է 2 միլիոն դոլար, ապա նվազել ու հասել է 1.5 միլիոնի։ Դրա դեմ բողոքում էին նաև հանրախանութի առևտրական աշխատակիցները՝ մտավախություն ունենալով, որ աճուրդի արդյունքում իրենք կդառնան գործազուրկ։ Աճուրդը հաջողվում է երրորդ փորձից, հաղթող է դառնում «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն։ Հետագայում այնտեղ առևտրով զբաղվող անձինք քաշքշուկների մեջ են հայտնվում քաղաքապետարանի հետ, քանի որ պահանջում էին իրենց առևտրային կետերը պահպանել շենքում․ նրանց պահանջը չի կատարվում ու շենքն ազատվում է առևտրականներից։ 

«Սոգլասիե-Արմենիան» հիմնվել է 1999 թվականին։ Ընկերության բաժնետերը Մոսկվայում գրանցված «Սոգլասիե» ՓԲԸ-ն է, որի բաժնետերը, հիմնադիրն ու նախագահը Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանն է։ 2001 թ. սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ու «Սոգլասիե-Արմենիա» ընկերության միջև կնքվում է պայմանագիր, որով Երևանի քաղաքապետարանը սեփականության իրավունքով ընկերությանն է հանձնում «Մանկական աշխարհի» շենքը։ Դրա մակերեսը կազմում է 9445 քառակուսի մետր։ Ընկերությունը շենքը գնում է 900,000 դոլարով, որը վճարվում է երկու տրանշով։ Հետագայում Ռոբերտ Նազարյանի որոշմամբ երկամսյա ժամկետում ապամոնտաժվում են «Մանկական աշխարհի» տարածքի ապօրինի շինությունները, ու շենքը փոխանցվում է Արա Աբրահամյանի ընկերությանը։ 

Քաղաքացու հողամասը՝ «Սոգլասիե-Արմենիային»

2020 թ. դեկտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մի որոշում, որով փոխհատուցում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճռով քաղաքացի Լյուբով Փիլոյանին հասցված վնասը։ Ըստ նախապատմության՝ Երևանի կենտրոնի կառուցապատման ժամանակ Արամի փողոցում՝ «Մանկական աշխարհի» հենց հետնամասում գտնվող 332 քառակուսի մետր մակերեսով հողամասը Լյուբով Փիլոյանից քաղաքապետարանը վերցնում է հանրային գերակա շահի անվան տակ՝ պայմանով, որ նրան կտրամադրվի կառուցապատման իրավունքով հողամաս մոտավորապես նույն հատվածում։ Սակայն այդ հարակից հողամասը, որը պիտի պատկաներ Փիլոյանին, 2008 թվականին վաճառվում է «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանը։ Շուրջ 15 տարվա դատական պայքարից հետո՝ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո, Փիլոյանը հաղթեց ՄԻԵԴ-ում, և կառավարությունը ստիպված եղավ հանրախանութի հետնամասի հատվածի 332 քառակուսի մետր տարածքն ընդամենը 20 միլիոն դրամով օտարել Փիլոյանին։ 

«Մանկական աշխարհը»՝ նոր առևտրային կենտրոն

2018 թվականին նախկին հանրախանութի հսկա շենքն օգտագործելու հարցը դարձյալ եկավ օրակարգ։ «Սոգլասիե-Արմենիան» արդեն մի քանի անգամ երկարացրել է ստացած շինթույլտվությունների ժամկետը և նախատեսում է իրականացնել շենքի վերակառուցում ու արդիականացում։ Այդ մասին, «Փաստերի ստուգման հարթակի» հարցին ի պատասխան, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Այդ աշխատանքներն իրականացվելու են 2002 թվականին համաձայնեցված նախագծի հիման վրա։ Աշխատանքների ժամանակացույցից պարզ է դառնում, որ նախատեսվում է դրանք ավարտել մինչև 2022 թ. վերջը։ «Սոգլասիե-Արմենիան» նախատեսում է թարմացնել էլեկտրահաղորդակցության ցանցը, ջրամատակարարման համակարգը, հիմնել էլեկտրաէներգիայի ենթակայան, իրականացնել շենքի հետևի ճակատի երեսպատում և ճակատային հատվածի փոշեմաքրում, տեղադրել վերելակներ։ Առևտրի կենտրոնն ունենալու է պահեստային ու օժանդակ շինություններ։ 

«Սոգլասիե-Արմենիաի» տնօրեն Գագիկ Ավետիսյանը «Փաստերի ստուգման հարթակին» ասաց՝ նախագծային աշխատանքները դեռ ընթանում են, կավարտվեն մոտ մեկ ամսից, որից հետո շենքի վերջնական ֆունկցիոնալ նշանակությունը պարզ կլինի, սակայն մանկական զվարճանքի կենտրոններ շենքում նախատեսված են։

«Մոլից ավելի ժամանակակից տեղ ենք ստանալու,ավելի ժամանակակից՝ պահպանելով հին «Մանկական աշխարհի» ավանդույթները։ Ժողովրդի մեջ այդ հիշողությունները մնացել են։ Հիմա ինժեներական աշխատանքներ են ընթանում»,- տեղեկացրեց Ավետիսյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ շինարարական աշխատանքները հավանաբար երկու փուլով կիրականացվեն։ Նախատեսվող ներդրումների ծավալը Ավետիսյանը դժվարացավ հայտնել, քանի որ դեռ նախահաշիվ կազմված չէ։

Փաստերի ստուգման հարթակ