Մեր կողքին ապրող մարդիկ. Արջունը

Արջուն Կրիշնա Լալը

Հնդիկ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը երկու տարեկանում ծնողների հետ Հնդկաստանից տեղափոխվել է Նահանգներ ու բավական երկար ժամանակ ապրել ԱՄՆ-ում: 2010 թվականին նա տեղափոխվել է հայրենիք՝ Տիրուվանանդապուրամ, որը Երևանի չափ քաղաք է: Քովիդի ժամանակ տևական շրջան՝ մոտ վեց ամիս, տանն էր ծնողների հետ ու կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ այդ ընթացքում շատ էին տարաձայնություններ ունենում:

Մի օր հասկացավ, որ եթե այդկերպ շարունակվի, կխենթանա ու կտրուկ որոշեց տեղափոխվել մի հեռու տեղ՝ փոխելով նաև կենսակերպը: Քարտեզի վրա նա դժվար թե Հայաստանն այնքան հեշտությամբ գտներ, որքան գուգլում: «Ա» տառով սկսվող երկրների մեջ գտավ Արմենիան ու տոմս գնեց դեպի Հայաստան:

Տաք ամերիկանո և սառը էսպրեսո պատվիրելուց հետո Արջուն անունով հնդիկ երիտասարդը ակնդետ նայում է՝ անհամբեր սպասելով հարցերիս: Նա ժամանակակից գրող է ժամանակակից հագուկապով՝ թեթև շապիկ, վրայից վերնաշապիկ, ջինսե տաբատ ու սև, անհատակ աչքեր, որ նրան գրավիչ դարձնող երևի ամենակարևոր «ատրիբուտն» է: 

– Հայաստանում մի կարծրատիպ կա, որ դուրեկան չէ, բայց փորձում եմ արդարացնել՝ համարելով, որ մարդիկ վատ փորձ են ունեցել: Մի օր տաքսի նստեցի, վարորդը նայեց դեմքիս, ասաց՝ վա՜յ, հնդիկ ես, բայց քո վրայից վատ հոտ չի գալիս: 

Այն, որ մենք տեսնում ենք հնդիկների, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են ավտոլվացման կետերում, հաճախ՝ աղբահավաք մեքենաներում, միայն հարգանքի է արժանի, որովհետև մարդիկ վաստակում են իրենց ուսման վարձը, որը մատչելի չէ, բնակարանի վարձ են մուծում ու փորձում են արժանապատիվ ապրել այս երկրում: Ու եթե անգամ մենք ունենք կարծատիպեր, որոնք գոյացել են տարբեր պատճառներով, վստահաբար չարժի այդ մասին բարձրաձայնել: 

– Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար մարդիկ հաճախ են ստիպված լինում մի քանի հոգով մեկ սենյակում մնալ, և սրա հետևանքով մի այլ կարծրատիպ էլ է ի հայտ եկել: Երբ բնակարան էի փնտրում Երևանում, իսկ ես այս գրեթե երկու տարվա ընթացքում 9 բնակարան եմ փոխել, բոլորն ասում էին՝ հանկարծ տունը կեղտոտ չպահես, նայիր, տես՝ ստուգելու ենք, որ մաքուր լինի ամեն բան: 

Արջունը Հայաստանում խտրականության չի ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, երբ ընկերների հետ ակումբ էր գնում, նրան կանգնեցրել ու ասել են՝ դու պարսիկ ես, քեզ ներս չենք թողնում: Այս երևույթներին բավական թեթև է արձագանքում, քանի որ միշտ մարդկանց բացատրելուց, խոսելուց հետո իրեն հասկանում են, փորձում վերլուծել ունեցած կարծրատիպերը:

Արջունն ասում է, որ շատ մարդկանց համար, որոնք տեղափոխվել են Հայաստան մեծ երկրներից, այստեղ ձանձրալի է: Հաճախ են ծանոթներն ասում, թե գիշերային կյանք չկա, եռուզեռն է քիչ, բայց ինքը ավելի տնային մարդ է՝ տնից աշխատում է, տնից գրում գիրք, պատրաստում ուտելիքներ և երբեմն նաև իրեն թույլ տալիս ճամփորդել Հայաստանով: Եղել է բոլոր մարզերում ու սիրահարվել Վայոց ձորին: 

-Ես սովորում եմ ոչ միայն հայերեն, այլ նաև ուսումնասիրում եմ հայոց պատմություն, ավելի ճիշտ՝ Հայաստանի պատմության կարևորագույն դրվագները: Ինձ համար ամենազարմանալին Կիլիկյան թագավորությունը բացահայտելն էր, որովհետև ապշեցուցիչ է տեսնել, որ հայերը ոչ իրենց հողում Հայաստան են ստեղծել: 

Սկզբում գուգլի թարգմանության օգնությամբ, հետո արդեն պարապելով՝ հասավ բավական լավ արդյունքի: Երբ Հայաստան եկավ, շատերի հետ ռուսերեն էր խոսում, քանի որ անգլերեն բոլորը չի, որ գիտեն: Հետո հասկացավ, որ մարդկանց ճիշտ, ազնիվ էմոցիաներն ու ապրումները հասկանալու ամենահեշտ ձևն իրենց լեզվով խոսելն է, այլապես խորքային երբեք չես կարող հասկանալ այստեղ ապրող մարդուն, որն ամենակարևոր ռեսուրսն է Հայաստանի համար: 

Արջունին հարցնում եմ՝ ի՞նչն է, որ քեզ զարմացրել կամ հիացրել է Հայաստանում: 

– Կծիծաղես, բայց այն, որ Հայաստանը կա, ուզում եմ իբրև լակոնիկ պատասխան չընդունես: Աշխարհում լիքը ազգություններ, որոնք երկար ժամանակ եղել են հզորագույն տերություններ, նվաճումների քանակով գերազանցում են Հայաստանի՝ անգամ Տիգրան Մեծի շրջանի փառքին, վաղուց էլ չկան: Հայերը զարմանալի ժողովուրդ են այդ բառի ամենաիսկական իմաստով: 

Մինչև Հայաստան գալը չգիտեր, որ Հայաստանում շատ հնդիկ ուսանողներ կան: Ի դեպ, նա ասում է, որ Հնդկաստանը շատ նման է Խորհրդային Միությանը: Թվում է, թե այն մեկ պետություն է, բայց այս երկրի ամեն նահանգում տարբեր լեզուներով են խոսում, հաճախ՝ տարբեր օրենքներ կան, տարբեր ազգություններ են ապրում: Օրինակ՝ ինքը հնդկերեն հասկանում է, բայց չի կարողանում խոսել, իր լեզուն կոչվում է մալեալամ: 

– Ամենազավեշտալին այն է, որ երբ մի անգամ Երևանում քայլում էի, հնդիկ ուսանողների հանդիպեցի, որոնք իրար հետ խոսում էին հենց իմ լեզվով: Փաստորեն, Հնդկաստանում դեռ ինձ կարող են չհասկանալ, բայց Հայաստանն այնքան փոքր է, որ միշտ կարող ես գտնել հնդիկի, որ հենց քո լեզվով է խոսում: 

Այն, ինչ կարող է «վախեցնել» եվրոպացուն կամ ամերիկացուն, Արջունի համար սովորական է: Երբ Հայաստան եկավ, շատերն ասում էին՝ զգույշ եղիր, այստեղ սարսափելի երթևեկություն է: Նա էլ քմծիծաղ էր տալիս՝ ասես պատասխանելով՝ դուք դեռ չգիտեք, թե ես ի՜նչ երթևեկություն ունեցող երկրից եմ հայտնվել այստեղ: 

-Այստեղ փողոցը որ կողմով էլ անցնես, մեքենաները հետիոտն տեսնելիս արգելակում են, այնպես որ, եթե մի քիչ զգոն լինես, բան չի պատահի: Վերջերս Հնդկաստան էի գնացել ու հասկացա, որ մոռացել եմ, որ այնտեղ չեն զիջում՝ կարող էի փորձանքի մեջ հայտնվել: 

Ընկերների մեծ մասը հայեր են, որոնց բնորոշելիս օգտագործում է «հավատարիմ» բառը: Հայաստանում նրան զարմացնում է այն, որ ընկերությունը տեղափոխվում է ընտանիք, նրանք դառնում են ընտանիքի անդամներ: Բայց երբեմն հայերը չափազանց լուրջ են ու տարբեր խոսակցությունների ժամանակ կարող են պարզապես կատակդ այնքան լուրջ ընդունել, որ չիմանաս ինչ կերպ արդարանալ: 

-Ես Հայաստանի «պատճառով» բուսակերությունից անցել եմ մսակերության: Ընկերներիցս մեկը Գավառ էր հրավիրել ճաշկերույթի: Ծանոթացրեց ընտանիքի անդամների հետ, որոնց մեջ էր նաև տատը: Փորձեցի ազնվորեն, հանգամանալից բացատրել, որ բուսակեր եմ, միս չեմ ուտում: Նրա համար դա առհասարակ գոյություն չունեցող, անբացատրելի, ես կասեի՝ սարսափելի երևույթ էր: Ասաց՝ լավ, դե հիմա այս քյուֆթան փորձիր: Կերա, ինչ մեղքս թաքցնեմ, շատ հավանեցի ու այդ օրվանից մսակեր եմ: 

Ես չգիտեմ՝ մեր երկրում արդյոք պատկերացնո՞ւմ են, թե որքան հզոր երկիր է Արջունի հայրենիքը: Սկսած 2009 թվականից Հնդկաստանը դարձել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրը, ու եթե այդ նույն թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը նվազեց 1․1%-ով, Հնդկաստանում այն կազմեց 6․5%: Հայաստանի ու Հնդկաստանի միջև զարգանում են առևտրային հարաբերություններ, մենք համագործակցում ենք այս երկրի հետ նաև ռազմական ոլորտում: 

-Ես ուզում եմ ներդրում ունենալ մեր երկու երկրների հարաբերությունների՝ նոր մակարդակ բարձրանալու մեջ: Դրա համար որպես հնդիկ գործարար այստեղ հիմնել եմ մարքեթինգային ընկերություն, որում ներգրավված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց այն գրանցված է ոչ թե Հնդկաստանում կամ ԱՄՆ-ում, այլ հենց այստեղ: 

2013 թվականին Արջունը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Չար խաղեր», իսկ հիմա աշխատում է երկրորդ գրքի վրա, որում պատմելու է իր «հայկական փորձառության» մասին: Այստեղ ժամանակ ունի գրելու ու ինչպես առաջին գրքի նկարագրության մեջ է ասում՝ մտորելու, շա՜տ մտորելու: 

– Դուք մի հրաշալի բառ ունեք հայերենում. երբ որևէ մեկը բան լավ է անում, ասում եք՝ ապրե՛ս, երբ ուզում եք շնորհակալ լինել, ասում եք՝ ապրե՛ս: Սրա մեջ մեծ ասելիք կա՝ մի վերին ուժ հայերին անդադար հիշեցնում է ապրել: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am