Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2009 թվականի այս օրը՝ առավոտյան հանկարծ հայ հանրությունն ու հայությունը հանդիպեցին հայ-թուրքական համատեղ հայտարարության փաստի, որը ամիսներ անց ներկայացվելիք արձանագրությունների նախերգանքն էր:
Այն ժամանակ որեւէ մեկը Սերժ Սարգսյանին թուրքական գործակալ կամ դավաճան չանվանեց, այդպիսի արշավ չսկսեց: Հասկանալի է, թե ինչ պատճառով: Բայց, ինչպես ասել եմ մի առիթով, դա ճիշտ էր, հակառակն է սխալ:
Որովհետեւ, թող ներվի ասել, միայն ծանծաղ գիտակցությունն է, որ համաշխարհային քաղաքականությանն առնչվող երեւույթները կարող է գնահատել ու բացատրել այդ կատեգորիաներով, կամ միայն ծանծաղ գիտակցության համար է, որ դրանք կարող են լինել համաշխարհային մասշտաբ ենթադրող գործընթացների բացատրություն:
Ըստ էության այդպես է եղել միշտ՝ մտածող վերնախավերը եւ հանրությունները մշտապես փնտրում են համալիր, խորքային պատճառներ եւ լուծումներ, մյուսները՝ փնտրում են «գործակալներ» ու «դավաճաններ»: Դժբախտաբար մենք դեռեւս երկրորդ իրավիճակում ենք»: