Խախտումներ՝ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ԲԸՏՄ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն, ապա «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում անցկացրել ստուգում, որի արդյունքում հայտնաբերել են բնապահպանական նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝
❌ Ընկերության կողմից հանքի շահագործումն իրականացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների/արտանետման թույլտվությունների։
❌ Չի պահպանվել սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները։
❌ Չի իրականացվել թափոնների գույքագրում:
❌ Չի վարվել թափոնների գոյացման համար՝ սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման համար՝ ընդհանուր հաշվառման գրքեր:
❌ Եռամսյակային հաշվարկ հաշվետվություններում չեն ներառվել պեռլիտի հանքավայրի տարածքից արտանետված վնասակար նյութերի քանակները:
❌ Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել և չի վարվել երկրաբանական փաստագրություն։
❌ Չի կատարվել փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում։
❌ Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։
❌ Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։
❌ Չի կատարվել ընդերքօգտագործման վճարները, մասնավորապես՝ մշտադիտարկումների իրականացման վճարները։
❌ Լիազոր մարմնին չի ներկայացվել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։

✅ Ընկերության նկատմամբ նշանակվել է 3 վարչական տույժ՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։
✅ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 463.500 ՀՀ դրամ։
✅ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ին տրվել են խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։