Վահրամ Դումանյանը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում: Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝ աշխարհով մեկ ներկայացնելով հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները: