21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ խոսնակ

Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական կողմը հայտնել է 135 զոհերի մասին։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։