«Նոր սառը պատերազմը կարող ենք այլևս իրողություն համարել և առաջիկայում սառը պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտները տեսնելու ենք». Սուրեն Սարգսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Ուկրաինայում կատարվող ռազմական գործողությունների ֆոնին փորձագիտական շրջանակները նշում են, թե նոր աշխարհակարգի ձևավորում է տեղի ունենում։ Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ գործընթացներ են աշխարհում ընթանում։

– Աշխարհակարգը դե ֆակտո վաղուց է ձևավորվել, հիմա, ըստ էության, արդեն վերջնական ավարտուն տեսքի է գալիս, վերջնականապես ձևավորվում է եռաբևեռ աշխարհը, իսկ այդ բևեռները Ռուսաստանն են, ԱՄՆ-ն ու Չինաստանը։

– Ուկրաինական դեպքերով աշխարհակարգի ձևավորման ավարտը կտրվի՞։

– Այնպես չէ, որ կավարտվի, իհարկե, սա լինելու է շարունակական գործընթաց, բայց մենք տեսնում ենք, որ եռաբևեռ աշխարհը, որը դեռ տասը տարի առաջ կարող էր տեսական թվալ, այսօր արդեն իրականում գոյություն ունեցող փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն աշխարհի բոլոր պետությունները։

– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ՌԴ նախագահն ընտրել է կանխամտածված պատերազմը, և, որ տեղի ունեցողի միակ մեղավորը Ռուսաստանն է։ Արևմուտքի արձագանքն ու գործողությունները ինչպե՞ս եք գնահատում։

– Բնական էր, որ բացասական էին արձագանքելու, տպավորություն է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին դեմ է գնացել։ Բնականաբար լինելու են կոշտ արձագանքներ, պատժամիջոցներ, և նոր սառը պատերազմը կարող ենք այլևս իրողություն համարել և առաջիկայում սառը պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտները տեսնելու ենք։

– Արևմուտքը, բացի կոշտ արձագանքներից ու պատժամիջոցներից, ռազմական անմիջական օգնություն կցուցաբերի՞ Ուկրաինային։

– Չեմ կարծում, թե հանուն այլ պետության ինչ-որ մի երկիր կգնա Ռուսաստանի Դաշնության դեմ, սա քիչ հավանական սցենար եմ համարում։

– ԱՄՆ նախագահն ասել է, թե աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին։ Կհաջողվի՞։

– ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում ակնհայտ է․ ԱՄՆ-ն որևէ կերպ չի կռվելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար, աջակցելու են ֆինանսապես, տնտեսապես, ռազմական միջոցներով, բայց որևէ լուրջ բան չեն անելու, որևէ լուրջ գործողություն չի լինելու՝ մարդկային ռեսուրսների տրամադրման տեսանկյունից։

Բայդենի նման հայտարարությունները, դիրքորոշումը սպասելի էին, այսինքն՝ որևէ նոր բան չկա, թեման այնքան երկար ժամանակ էր եփվում, որ բոլորը հասկանում էին, թե ինչ պրոցեսների են սրանք բերելու, ու բոլորս տեսանք, որ ճիշտ էին կանխատեսումները և՛ ԱՄՆ-ի դիրքավորման, և՛ ԱՄՆ-ի քայլերի հաջորդականության տեսանկյունից։

– Պարո՛ն Սարգսյան, սահմանվող պատժամիջոցներից Ռուսաստանը շա՞տ է տուժելու։

– Իհարկե շոշափելի ազդեցություն լինելու է Ռուսաստանի տնտեսության վրա, բայց, վստահ եմ, որ Ռուսաստանը բոլոր հաշվարկներն արել է, հստակ գիտեր, թե ինչ պատժամիջոցներ կարող էին կիրառվել, ու իրավիճակի կարգավորումից հետո, բնականաբար, փորձելու է այնպես անել, որ պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնի, Եվրոպական միության երկրների հետ աշխատի, պատժամիջոցները չեղարկի, կրճատի և այլն։

Այդ պատժամիջոցները, բնականաբար, հարվածելու են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Եվրամիության մի շարք երկրների, որոնք տնտեսական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, կարող են անուղղակիորեն ազդել Հայաստանի վրա, եթե, ենթադրենք, ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանվեն։

– Ձեր դիտարկմամբ՝ Ռուսաստանը մինչև ո՞ւր է գնալու, նպատակը միայն Ուկրաինան վերահսկողության տակ վերցնե՞լն է, թե՞ այլ նպատակներ էլ կան։

– Դժվար է ասել, թե ինչ նպատակ ունի Ռուսաստանը, համենայնդեպս, դեռ վաղ է հասկանալ Ռուսաստանի նպատակն ու ասել, թե ինչ վերջնարդյունք է ուզում ստանալ։ Բայց չեմ կարծում, թե լայնածավալ ռազմական գործողությունները շարունակական և երկարաժամկետ կլինեն։

– «Մեծ յոթնյակի» երկրների հանդիպումն է նախատեսվում այսօր, ինչ եք կարծում, ի՞նչ որոշումներ են կայացնելու հանդիպման ժամանակ։

– Որևէ նոր բան չի լինելու, որ մեզ համար սպասելի չէր։ Քննարկելու են ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի ներգրավվածությունը, պատժամիջոցների սահմանումը, փորձելու են այնպես անել, որ միասնական ճակատով պայքարեն Ռուսաստանի դեմ տնտեսական լծակներով, բայց, կրկնում եմ, որ Ռուսաստանն այս քայլին դիմելուց առաջ հաստատ հաշվարկել է հնարավոր հետևանքներն ու պատրաստ է դիմագրավելու դրանց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am