Պարզաբանում Սևաբերդ համայնքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ

Օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային  բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:

 ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում  լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։

ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։   

Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։

Հիշեցնենք, որ ջրամբարի պահպանությունն իրականացվում է  ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին-ի լուսանկարը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին-ի լուսանկարը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին-ի լուսանկարը: