Պատերազմի նախապատրաստություննե՞ր. վերլուծաբաններն, ի տարբերություն ռուս գործընկերների, իրատեսական չեն համարում պատերազմի վերսկսումը

Վերջին շրջանում ռուս վերլուծաբանների կողմից կրկին ակտիվացած խոսակցություններն այն մասին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմի վերսկսման հավանականություն կա, տեղացի վերլուծաբաններն այնքան էլ իրատեսական չեն համարում:
Օգոստոս 2-ին, ռուս հայտնի ռազմական փորձագետ Պավել ֆելգենհաուերը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, թե «ԼՂ հակամարտության կողմերը ակտիվորեն պատրաստվում են պատերազմի` ընդ որում, պատրաստվում են թե ադրբեջանական, եւ թե` հայկական կողմերը»:

«Չի կարելի մտածել, թե կողմերից որեւէ մեկը նստելու է եւ հանգիստ սպասելու է, որ հակառակորդը ակտիվորեն պատրաստվի պատերազմի, իհարկե, պատրաստվում են երկուսն էլ»,- ասել է Ֆելգենհաուերը:

Հայ փորձագետները, սակայն, այնքան էլ համամիտ չեն այն տեսակետին, թե ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսումն անխուսափելի է, իսկ ռուս ռազմական փորձագետի տեսակետն էլ համարում են իրավիճակի զարգացման հավանական սցենարներից մեկը միայն:

Ռազմական փորձագետ Արմեն Խարազյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ Ֆելգենհաուերի հայտարարությունը ռուսական կողմի «պետական, պաշտոնական մոտեցում չէ»:

«Նա փորձագետ է` հավանական պետական աշխատանքի փորձ ունեցող, բայց ես չեմ կարծում, թե այստեղ պետք է զուգահեռներ անել, թե ինչ է ասում փորձագետը եւ ինչ պլաններ ունի այդ հարցում ռուսական կողմը: Նա հավանական սցենարի վրա է ուշադրություն հրավիրում, որը այլ սցենարների հետ մեկտեղ հավանական սցենարներից մեկն է, եւ չեմ կարծում, թե սա իրավիճակի զարգացման ամենահավանական սցենարն է»,- ասում է Խարազյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես, հակամարտության կարգավորման մեջ շահագրգռվածություն ունեցող միջնորդները նման իրավիճակից օգտվում են` կողմերին հնարավորություն տալով մտածել, թե ինչ կլինի նման անցանկալի զարգացումների ժամանակ, «եթե նրանք շարունակեն ձգել հակամարտության կարգավորումը»:

«Ես սպեկուլյացիա չէի անի այս առաջարկներից կամ սցներներից որեւէ մեկի վրա: Մի կողմերից` երկուսն էլ հասկանում են ռազմական լուծման անհեռանկարությունը, մյուս կողմից էլ`ոչ մեկն էլ խաղաղ լուծման պատրաստ չէ` դիրքորոշումները թույլ չեն տալիս»,- ասում է Խարազյանը:

Փորձագետն այս առումով հիշեցնում է հայտնի խոսքը` «պատերազմը կանխելու լավագույն ձեւը պատերազմին նախապատրաստվելն է», սակայն, հավելում է նաեւ, որ որքան ավելի շատ ես պատրաստվում պատերազմին, այնքան այն անխուսափելի է դառնում:

Ընդ որում, Խարազյանի խոսքով, այստեղ պատերազմին պատրաստվել ասելով նկատի է առնվում ոչ միայն ռազմական ոլորտում պատրաստվելը, այլեւ` հասարակությանը, քաղաքական դաշտին պատրաստելը պատերազմին, «ինչը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսկումը»:

«Հետեւաբար, հավանակա՞ն է պատերազմի վերսկսումը հարցին կարող եմ պատասխանել եւ այո, եւ` ոչ: Խնդիրն այն է, որ եթե երկու կողմերն էլ չունենան պետական մտածողություն, եւ եթե հանկարծ միջազգային հանրությունն էլ փոքր-ինչ ուշադրությունը շեղի այս հակամարտությոնից, ապա պատերազմի հավանակությունը երբեք բացառել չի կարելի»,- ասում է Խարազյանը:

Մեկ այլ ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ «Մեդիալաբին» ասում է, թե իհարկե, Ֆելգենհաուերի կողմից տրված գնահատականը զգալի չափով հիմնավորված է, սակայն մյուս կողմից էլ, նա եւս հիշեցնում է` «եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

«Ասինքն, սրանից անել հետեություն, որ եթե պատրաստվում են պատերազմի, ուրեմն պատերազմն անխուսափելի է, դա մի քիչ այդպես չէ: Ընդամենը ասվել է, որ պատրաստվում են պատերազմի, բայց դա չի նշանակում որ պատրաստվում են պատերազմ սկսել: Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ նման մոտեցման հրապարակումը նաեւ պետք է զգուշացում լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրների համար, որ այս տարածաշրջանում կարող է աշխատել հիմարության գործոնը, որը որեւէ կանխատեսման ենթակա չէ եւ առկայության դեպքում կարող է ունենալ անկանխատեսելի դրսեւորումներ»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով, ինքը չի բացառում, որ Ֆելգենհաուերի հայտարարությունը ռուսական կողմի խոսքն է, բայց մյուս կողմից էլ, ըստ Մեհրաբյանի` ռուսական կողմի համար պատերազմի վերսկսումը կարող է սարսափելի արդյունքներ ունենալ` հենց Ռուսաստանի տարածքում:

Մեհրաբյանը հիշեցնում է, որ ՌԴ տարածքում եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը ունեն մի քանի միլիոնանոց համայնքներ, եւ եթե ԼՂ հակամարտության գոտում պատերազմ սկսվի, ապա այն, ըստ փորձագետի, կարող է տեղափոխվել նաեւ Ռուսաստանի տարածք, ընդհուպ մինչեւ Մոսկվա: Բացի այդ, ըստ Մեհրաբյանի, Հարավային Կովկասում պատերազմի վերսկսումը կարող է «պայթեցնել» նաեւ Ռուսաստանի Հյուսիսային Կովկասը:

«Բայց ես, համենայնդեպս, պատերազմի նախանշաններ, որքանով մենք կարող ենք դատել մամուլից եւ երկու կողմի պաշտոնական հայտարություններից, չեմ տեսնում: Բայց դա էլ դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ հաշվի ենք առնում այն, որ Ղարաբաղը դարձել է պոպուլիստական գործիք, որը աջ ու ձախ սիրում են թափ տալ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները որը վնասաբեր պրակտիկա է: Հետեւաբար, որքան էլ կանխատեսումներ անես, հիմարության գործոնը անկանխատեսլի է»,- ասում է Մեհրաբյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, սակայն, կարծում է, որ կասկածից վեր է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

«Իսկ մենք պետք է պատրաստ լինենք ամեն վայրկյան դիմակայել ադրբեջանական ագրեսիային, իսկ դրա համար Հայաստանը պետք է բազմաթիվ խնդիրներ լուծի` ունենա լեգիտիմ իշխանություն, ավելի մարտունակ բանակ, որոնք միանշանակ իրար հետ փոխկապակցված են: Այնպես որ, Ադրբեջանի` պատերազմին պատրաստվելուն դիմակայելու համար պետք է ունենանք համախմբած պետություն, ինչպես որ 1994-ին ենք ունեցել»,- «Մեդիալաբին» ասում է Քոչարյանը:

Նախկին փոխնախարարն ասում է, որ հայկական կողմը պատերազմում արդեն հաղթել է, եւ «մեր մտածելիքը միայն այն պետք է լինի, որ ժողովուրդն այսօր տեր լինի իր հաղթանակին»:

«Խնդիրը ոչ թե ռազմական մեքենաներն են, ոչ թե սպառազինությունների մեջ է, այլ պետության նկատմամբ հասարակության վստահության մեջ: Հայաստանը պատերազմով լուծելու խնդիր չունի, որովհետեւ իր խնդիրը 1994-ի պայմանագրով լուծել է: Իսկ Ադրբեջանն ամեն օր էլ պատրաստվում է պատերազմի, եւ այն պահին, երբ նա տեսնի, որ մենք այնքան թույլ ենք, որ նա կարող է ռազմական միջոցով խնդիրը լուծել, նա կլուծի»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը:

Այս թեմային է օրերս անդրադարձել նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հայտարարելով, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները «լուրջ դաս էին» Հայաստանի եւ Ադրբեջանի համար:

Մեդվեդեւն այդ մասին հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, Russia Today եւ «Առաջին կովկասյան» հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Նա ասել է, թե օգոստոսյան պատերազմից հետո ինքը Հայաստանի եւ Ադրբեջանի Սոչիում գտնվող նախագահներին ասել է, թե «ավելի լավ է վարել անվերջ բանակցություններ այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասում Լեռնային Ղարաբաղին, կլինի՞ արդյոք այնտեղ երբեւէ հանրաքվե, ինչպես մենք պատրաստենք խաղաղ պայմանագիրը, քան անցկացնել այդ հինգ պատերազմական օրը»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am