Ընդդիմությունն ու իշխանությունը առճակատման մասին

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացած հանդիպումից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «երկխոսությունը, կամ բանակցությունը չի նշանակում հակառակ կողմի լիազորության կամ լեգիտիմության ճանաչում»:
«Դա ընդամենը համատեղ փորձ է` ստեղծված իրավիճակից դուրս գալու: Հայաստանում լրջագույն քաղաքական ճգնաժամ է եւ այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խաղաղ ճանապարհը մենք համարում ենք լավագույնը, դրա համար էլ բանակցում ենք: Եթե խաղաղ ճանապարհով չստացվի, ուրեմն լինելու է առճակատում»,- հայտարարեց Զուրաբյանը:
Պատասխանելով այս հայտարարության իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, թե ինչ ասել է առճակատում, այդ մասին հարցը պետք է ուղղել Լեւոն Զուրաբյանին, բայց իր կարծիքով, երկխոսությունը դա քաղաքակիրթ եղանակն է, որը անգամ ամենալարված իրավիճակներում հնարավորություն է ընձեռել ստեղծել քաղաքակիրթ մրցակցության դաշտ:
«Ես նաեւ չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետեւ իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է եւ կարծում եմ` եթե նման հայտարարույթյուն էլ անգամ արել են, ապա դա արել են զուտ մարտավարական նպատակներով, ոչ ավելի»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
© Medialab.am