Հիշեք՝ դուք եք Արթուր Օսիպյանի կյանքի համար թիվ մեկ պատասխանատուն. Ժաննա Ալեքսանյանը՝ իշխանություններին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Հացադուլի 17-րդ օրն Օսիպյանն, ըստ իրավապաշտպանի, անցկացնում է կալանքի տակ, իսկ նրա վիճակն օր օրի վատանում է։

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով ավելի վաղ հանդես էին եկել երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ և անհատներ՝ հայտարարելով, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը խնդրահարույց է և ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ ռիսկեր։

«Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է; Նրա առողջական վիճակն ամեն օր փոխվում է դեպի վատը, հատկապես, որ պահվում է անմարդկային պայմաններում և արգելանքի ամենախիստ միջոցներն եք կիրառել նրա նկատմամբ։ Բացի փաստաբանից որևէ մեկը չի կարող այցելել նրան։

Հասկանալի է, որ նրան պատժելու ձեր հնրավորությունները շատ են, բայց նաև հիշեք՝ դուք եք նրա կյանքի համար թիվ մեկ պատասխանատուն։ Դուք նրան պահում եք բանտում ակնհայտ ապօրինի մեղադրանքներով։ Ձեզ են դիմել երկու տասնյակից ավելի ՀԿ-ներ և բազմաթիվ անհատներ Արթուր Օսիպյանին անհապաղ ազատելու պահանջով։ Ուզում եմ ձեզ հուշել, որ դա շատ հեշտ է անել։ Ընդամենը պետք է վերադառնալ օրինականության դաշտ, ինչը պարտավոր եք անել»,-գրառում է կատարել Ժաննա Ալեքսանյանը։

Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը օրեր առաջ հայտնել էր, որ Օսիպյանը հացադուլի հետևանքով հյուծված վիճակում է։ Նրա կալանքի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։