Օվերչուկ․ Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, Հայաստանում բարդ իրավիճակ կստեղծվի

Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, երկրում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի։ Նրա գնահատմամբ՝ հարցը միայն այն է, թե ինչ ճանապարհով է այդ գազը հասնելու Հայաստան։

«Նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են շարունակում գործել։ Այդ դեպքում անմիջապես պարզ կդառնա, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով նաև 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, շուկայական գինը և այն, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց շահույթի բաժինը։ Հետևաբար, իրավիճակը Հայաստանում կարող է շատ դժվար լինել։ Մենք դա չենք ցանկանում»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։